28/04/2022 21:30
Ցրված սկլերոզ. Ինչ հիվանդություն է և ինչպես բուժել
Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, բնորոշվում է ԿՆՀ-ում (գլխուղեղ և ողնուղեղ) բազմաթիվ միելինազրկված օջախներով։ Միելինը նյարդաթելերը ծածկող կարևոր նյութ է, նյարդաթելերի միջոցով օգնում է նյարդային ազդակների անխափան հաղորդմանը։
Ցրված սկլերոզի դեպքում միելինազրկումը աուտոիմուն գործընթաց է։ Առաջացման պատՃառը լիարժեք պարզված չէ, զարգացման մեջ դեր ունեն վիրուսային ինֆեկցիաները, միելինի քայքայման ժառանգական հակվածությունը։ ԿՆՀ-ում միելինի աուտոիմուն վնասումը սեփական իմունային համակարգի ախտահարված բջիջների սխալ աշխատանքի հետևանքով տեղի ունեցող օջախային քայքայումն է։ Հիվանդության սկզբում դիտվում են հետևյալ ախտանիշները՝
• թմրածություն՝ դեմքի, ոտքերի, ձեռքերի շրջանում
• տեսողության սրության անկում (երբեմն մի աչքում տեսողության կտրուկ անկում, 3-6 ամսում մասնակի կամ լրիվ վերականգնումով)
• երկտեսություն
• շարժումների անկանոնություն, որը կարճ է տևում, բայց հաճախ է կրկնվում
• երբեմն միզելու անկարողություն կամ անմիզապահություն
• գլխապտույտ, թուլություն, հոգնածություն
• «Տաք լոգարանի» սինդրոմ, երբ ախտանիշներն առավել վառ են դրսևորվում տաք լոգանք ընդունելիս կամ տաք սնունդ ուտելիս։
Այսպիսի գանգատներով հիվանդները սովորաբար դիմում են ակնաբույժի, նյարդաբանի: Հիվանդության ախտորոշմանն օգնում են ակնաբուժական զննումները, ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան) հետազոտությունը, ուղեղ-ողնուղեղային հեղուկի ախտորոշիչ պունկցիան (ասեղնաքաղում)։
Ցրված սկլերոզ ախտորոշելու դեպքում հիվանդներին նշանակվում է իմունակարգավորող թերապիա, որի արդյունքում ախտանիշները մեղմանում են, վերականգնվում են խանգարված ֆունկցիաները, նվազում է դրանց կրկնվելու հավանականությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։