28/04/2022 21:17
Նիհարեցնող սննդակարգը պետք է դադարեցնել ճիշտ ժամանակին․ ինչպե՞ս հասկանալ՝ որն է այդ պահը
Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ ամենատարբեր սննդակարգերի են հետևում, սակայն կարևոր է իմանալ՝ ցանկացած սննդակարգ պետք է դադարեցնել ժամանակին, այլապես այն, օգուտի փոխարեն, վնաս կհասցնի օրգանիզմին։
Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է հատուկ սննդակարգը դադարում արդյունավետ լինել, երբ է հարկավոր կանգ առնել։
Առաջին հերթին պետք է հիշել՝ նիհարեցնող սննդակարգին հետևելը չի նշանակում քաղցի մատնվել։ Մարդը, կենսունակ լինելու համար, պետք է ստանա իրեն անհրաժեշտ վիտամինները նույնիսկ ավելորդ քաշից ազատվելու պրոցեսում։ Երբ զգում եք, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ օրգանիզմն անհրաժեշտ սնուցող նյութերը չի ստանում, ուրեմն սննդակարգից գոնե որոշ ժամանակով հրաժարվելու պահն է։
Ահա մի քանի նշաններ, որոնք հուշում են, որ հարկավոր է դադարեցնել դիետան․
- ուժերի անկում, թուլություն, հոգնածություն, քնկոտություն
- հաճախակի գլխացավեր
- ցրտի, սառնության չդադարող զգացողություն
- նյութափոխանակության խանգարումներ՝ փորլուծություն կամ փորկապություն
- բերանից տհաճ հոտ
- եղունգների ու մազերի կոտրտվածություն
- մաշկի կարմրություն՝ հատկապես այտերի ու քթի շրջանում
Սրանք հիմնական՝ երևացող նշաններն են, սակայն պետք է հիշել նաև, որ այս կամ այն դիետային հետևելիս օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր չի ստանում, դրանց պակասը թուլացնում է իմունիտետը, օրգանիզմը խոցելի է դառնում, չի կարողանում դիմակայել ինֆեկցիաներին։
Մեկ այլ կարևոր հանգամանք․ երբ ինչ-որ պահից սկսած՝ սննդակարգն այլևս չի օգնում ազատվել ավելորդ քաշից, կիլոգրամները նույնն են մնում, ուրեմն օրգանիզմը հարմարվել է իրեն թելադրված պայմաններին և այլևս չի արձագանքում դրանց այնպես, ինչպես ակնկալում էիք։ Այդ դեպքում ևս գոնե որոշ ժամանակով հարկավոր է դադար առնել։
Եթե երազած 10 կամ 15 կիլոգրամի փոխարեն՝ ազատվել եք ընդամենը 5-ից կամ 7-ից, այսինքն՝ վերջնանպատակին հասնել չի հաջողվում, ուրեմն հարկավոր է ռացիոնում սահմանափակ քանակությամբ ներառել սննդամթերքի այն տեսակները, որոնցից հրաժարվել էիք։ Մի քանի շաբաթ անց կարելի է վերադառնալ նիհարեցնող սննդակարգին։
Ինչո՞վ է վտանգավոր շատ երկար ժամանակ նիհարեցնող սննդակարգին հետևելն ու կիսաքաղց մնալը․ թերսնումը թուլացնում է օրգանիզմը, օրգան-համակարգերի ֆունկցիոնալությունը՝ կենսագործունեությունը, խաթարվում է, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ իջնում է, օրգանիզմը «կորուստները» փորձում է լրացնել ներքին պաշարների հաշվին, ինչի հետևանքով գերծանրաբեռնվում են ներքին օրգանները։ Նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմն անընդհատ սթրեսային վիճակում է գտնվում։
Այս ամենի հետևանքով թուլանում է իմունիտետը, գլուխ են բարձրացնում մի շարք հիվանդություններ ու խնդիրներ․
- օստեոպորոզ
- սեռական ցանկության անկում
- ստամոքսի խոց և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ
- քրոնիկ գերհոգնածություն
- նյարդային համակարգի խանգարումներ
- մազաթափություն
Ինչպես՞ ճիշտ թողնել դիետան
Նիհարեցնող սննդակարգից հրաժարվելու որոշումը կայացնելուց անմիջապես հետո չի կարելի միանգամից ու մեծ քանակությամբ սկսել ուտել սիրած քաղցրավենիքը կամ խորտիկները, որոնցից երկար ժամանակ հրաժարվել էիք։ Սիրած ուտեստները հարկավոր է աստիճանաբար ու խելամտորեն ներառել ռացիոնում, օրվա ընթացքում ուտել հաճախ, բայց քիչ քանակությամբ՝ օրական 4-6 անգամ, նաև հնարավորության դեպքում հաշվել կալորիաները, որպեսզի փոփոխությունը կտրուկ չլինի, և օրգանիզմը հավելյալ սթրեսի չենթարկվի։ Դիետայից հրաժարվելուց հետո, առաջին շաբաթվա ընթացքում սննդի օրական կալորիականությունը ճիշտ է ավելացնել 50-100 կիլոկալորիայով, երկրորդ շաբաթվա ընթացքում՝ ևս 100 կիլոկալորիայով, սննդակարգում ներառել օգտակար սննդամթերք, չմոռանալ խաշած մսի, կաթնամթերքի մասին։
Եվ պետք է հիշել՝ ինչ սննդակարգ էլ մարդն ընտրի, որքան էլ հետևողական այն կիրառի, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ սպորտի, մարզանքի, երազած արդյունքին հասնել չի հաջողվի։ Եթե վազքն ու շատ քայլելը հակացուցված են, ապա կարելի է ընտրել թեթև վարժություններ․ մարմինն օրվա ընթացքում պետք է շարժման մեջ լինի, նստակյաց կյանքն ու հատուկ սննդակարգերն անհամատեղելի են։
Այս կամ այն դիետայի «հրաշագործությունների» մասին գայթակղիչ գովազդներին հարկավոր է մի փոքր քննադատաբար մոտենալ․ կարճ ժամանակում շատ կիլոգրամներ կորցնելու խոստումները հաճախ անիրականանալի են։ Պրոֆեսիոնալ սննդաբանները միշտ խորհուրդ են տալիս նիհարել դանդաղ՝ ամսական 3-4 կիլոգրամից ոչ ավելի, իսկ նիհարելու պրոցեսին պատրաստվել նախապես, քանի որ այդ ընթացքում մարդը կտրուկ փոխում է իր կենսակերպը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։