28/04/2022 19:27
«Մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին, մեր միասնական ուժը նոր ուժ է ծնելու»․ Ազատության հրապարակից երթը մեկնարկեց
Այսօրվա մեր հանդիպմանը մասնակցում են ավելի շատ մարդիկ, Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ օրեցօր պայքարին միացողների թիվը մեծանում է, ինչն ավելի ակնհայտ էր հատկապես երեկ, իսկ դա նշանակում է, որ պայքարի դուրս եկածները մենակ չեն։
«Մենք մենակ չենք, մարդիկ արթնացել են, հասկացել են, որ այլընտրանք չկա։ Միակ ելքը, միակ ճանապարհը այս չընդհատվող պարտությունների անիվը կանգնեցնելու՝ մեր բոլորիս միասնությունն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հավաքի մասնակիցները վերև բարձրացրին բռունցքված ձեռքերը՝ որպես միասնության, միասնական պայքարի խորհրդանիշ։
«Այս բռունցքի դեմ ոչ ոք չի կարողանալու։ Այս բռունցքն ուժի բռունցքն է, բայց այս բռունցքով մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին, այս բռունցքը չենք օգտագործելու որևէ մեկի նկատմամբ ուժ կիրառելու համար։ Այս բռունցքով մենք բոլորս դառնալու ենք միասնական։ Այս բռունցքը խորհրդանշելու է մեր բաժանարար գծերի վերացումը, որը բերեցին, մտցրին մեր ազգի մեջ»,- դիմելով երթի մասնակիցներին ու հանրությանը՝ ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նաև հայտնեց՝ երկու օր անց սկսվելու է պայքարի հաջորդ փուլը։
«Մեր միասնական ուժը նոր ուժ է ծնելու»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ազատության հրապարակից բողոքի երթը մեկնարկեց՝ դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ։