28/04/2022 19:35
Ոստիկանները դեռ հնարավորություն ունեն կանգնելու ժողովրդի կողքին, այլապես նրանց հաջորդ կանգառը լինելու է դատարանում՝ Նիկոլ Փաշինյանի կողքին. Նաիրա Զոհրաբյան
Ես այսօր էլ դիմել եմ ոստիկանությանը, ասել եմ՝ «Չդառնաք ձեր երկրում մերժված խավ, չանեք մի բան, որի համար հետո ձեր երեխաները թքելու են ձեր երեսին»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններին։
«Նիկոլ Փաշինյանն այսօր հենարան ունի. հրահրել քաղաքացիական բախում՝ իր համակիրների և Արցախն ու Հայաստանը փրկելու դուրս եկած քաղաքացիների միջև։ Բայց դա ցանկացած գնով պետք է թույլ չտանք, որովհետև իր համար արյուն թափելը ոչինչ է, իսկ մեզ համար՝ ամեն հայի մեկ կաթիլ արյունը՝ սրբություն։
Նիկոլ Փաշինյանը դեռևս քաղաքական գործիքակազմ ունի և կարող է քաղաքացիական բախումներ հրահրել և ոստիկանական ուժերով անմարդկային ռեպրեսիաներ սկսել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ոստիկանները, սակայն, դեռ հնարավորություն ունեն կանգնելու ժողովրդի կողքին, այլապես նրանց հաջորդ կանգառը լինելու է դատարանում՝ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ որպես հայրենիքը հանձնած իշխանության սատարողներ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ՝ բերման ենթարկելով բողոքի գործողություն իրականացնող քաղաքացիներին։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում մի շարք իրավապաշտպաններ ոստիկանությանը որակել էին որպես իշխանության ձեքի գործիք, իսկ ցուցարարների նկատմամբ նրանց գործողությունները՝ ոչ իրավաչափ։