28/04/2022 11:37
Մեր երեխաները «դարուփոս» ճանապարհով չպետք է դպրոց գնան. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ կրկին ուսուցիչների աշխատավարձերի մասին խոսելով:
«Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը միշտ եղել է մեր օրակարգում», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե մի խումբ ուսուցիչներ դիմել են ու ասել, որ բոլորի աշխատավարձն են բարձրացրել՝ նկատի չունենալով, թե այդ ուսուցիչը ինչ որակներ ունի:
«Մտածում էինք, որ ոչ թե մենք որոշենք՝ ինչքան է ուցուցչի աշխատավարձը, այլ՝ ուսուցիչն ինքը որոշի ու, ի վերջո, պլանավորեցինք ու 2021 թվականի գարնանից սկսեցինք բարեփոխումը և ուսուցիչներին հնարավորություն տվեցինք, որ նրանք կամավոր կամքով ատեստավորվեն», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թե նախորդ տարի ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը մայիսի 1-ից կբարձրանա:
Փաշինյանը խոսեց նաև դպրոց տանող ճանապարհների մասին՝ նշելով, թե պետք է երեխաները «դարուփոս» ճանապարհով դպրոց չգնան:
«Սա մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, առաջիկայում շատ բարդ քննարկումներ ենք ունենալու», - ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետաքրքրվեց՝ կա՞ն ուսուցիչներ, որ մայիսի 1-ից 400 հազար դրամ աշխատավարձ կստանան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ասաց, թե չեն կարող լինել, քանի որ նոր են որոշումը կայացնում:
«Այս պահին չկան, բայց կլինեն», - ասաց նախարարը: