28/04/2022 16:22
Հայաստանն ԱՀԿ-ի հետ համաձայնագիր ստորագրեց. որակյալ առողջապահությունը բոլորին հասանելի կդառնա
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեն Երևանում ստորագրեցին Համագործակցության երկամյա համաձայնագիր։
Դրա նպատակն է բոլորին հասանելի որակյալ առողջապահությունը, առողջապահական արտակարգ իրավիճակներից արդյունավետ պաշտպանությունը, առողջ համայնքների զարգացումը։
«Այս համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն՝ ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար», - ասաց դոկտոր Կլյուգեն։
Նա ընդգծեց իմունիզացիայի կարևորությունը՝ որպես հանրային առողջապահության միջոց, ինչպես նաև այն, որ դրա միջոցով փրկվել են միլիոնավոր կյանքեր և հորդորեց շարունակել համատեղ ջանքերը՝ ավելացնելու COVID-19 դեմ պատվաստումները մարդկանց, առողջապահական համակարգերը և բուժաշխատողներին պաշտպանելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համոզմունք հայտնեց, որ խորը և ընդգրկուն համագործակցության շնորհիվ կկարողանան մեկ քայլով ավելի մոտենալ բնակչության համար առողջապահական ծառայություններն արդար և հասանելի դարձնելու նպատակին։
«Այս համագործակցության հաձայնագրի շրջանակներում նպատակադրված ենք մեր ուշադրությունը սևեռելու ոլորտային կարևորոգույն ուղղություններին, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթը, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը, արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքի կազմակերպումը, առողջ ապրելակերպի խթանումը», - ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։