28/04/2022 20:27
Միավորում լինելու է՝ հայի, հայրենասեր մարդու միավորում․ պայքարը կուսակցական չէ, մենք պաշտոնի համար չենք պայքարում․ Արթուր Վանեցյան
«Մեր պայքարն ապակենտրոն, ցանցային պայքար է, որը, ի վերջո, ինչ-որ մի փուլում պետք է միանա։ Այո, մայիսի 1-ին կարծում եմ՝ մենք բոլորս կմիավորվենք»,- Ազատության հրապարակից մեկնարկած, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ընթացող երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ պայքարը կուսակցական չէ, իշխանության համար չէ, հանուն հայրենիքի է, հանուն Հայաստանի և Արցախի, հանուն Հայաստանում և Արցախում ապրող քաղաքացու արժանապատիվ կյանքի։ Երևանից բացի, բոլոր մարզերում տարբեր ուժեր բազմաթիվ ակցիաներ են կազմակերպում, դրանց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում, նրանք պետք է միավորվեն՝ ցանկալի վերջնարդյունքի համար։
«Սա յուրաքանչյուր քաղաքացու՝ հայի, հայրենասեր մարդու միավորումն է։ Սա քաղաքական ուժերի միավորում չէ։ Մենք չենք ասում՝ «Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, ՀՀԿ, «Վերածնվող Հայաստան»։ Որևէ կուսակցական դրոշ չկա»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Լիդեր լինելու կամ պաշտոն զբաղեցնելու հարցը իրական պայքարի դուրս եկածներին, Արթուր Վանեցյանի խոսքով, ամենաքիչն է հետաքրքրում։
«Հավատացեք, դա ամենաքիչն է մեզ հետաքրքրում, որովհետև մենք պաշտոնի համար կռիվ չենք անում, որևէ մեկս ամբիցիա չունենք պաշտոն ունենալու։ Եթե ունենանք նորմալ երկիր, նորմալ իշխանություն, կարող ենք ընդհանրապես չզբաղվել նման գործունեությամբ»,- ասաց նա։