28/04/2022 20:51
Մենք չենք գրավելու կառավարության շենքը․ նրանք հայ ազգի առջև, հայ ժողովրդի առջև կապիտուլյացիա են ստորագրելու․ Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակից Արթուր Վանեցյանի գլխավորած բազմահազարանոց երթը հասավ Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի մոտ։ Դիմելով կառավարության շենքը «գրավելու» ակնկալիք հայտնողներին՝ Արթուր Վանեցյանը շեշտեց՝ շենքը չեն գրավելու, շենքում նստածները «կապիտուլյացիայի ակտ» են ստորագրելու ժողովրդի առջև։
«Մենք չենք գրավելու կառավարության շենքը։ Նրանք հայ ազգի առջև կապիտուլյացիա են ստորագրելու․ հայ ազգի, հայ ժողովրդի առջև»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ անկասելի պայքարի ակնկալվող ելքին քիչ ժամանակ է մնացել, իսկ միասնական պայքարի դուրս եկածների ուժը խաղաղասիրության մեջ է։
«Մենք ուժեղ ենք միասին, մենք ուժեղ ենք մեր խաղաղասիրությամբ, մենք այնքան ուժեղ ենք, որ մեզ բիրտ ուժի կիրառում ընդհանրապես պետք չէ։
Երեկվանից իշխանական ամբողջ քարոզչամեքենան խոսում է, թե ինչ-որ մեկին հարվածեցին, կռիվ արեցին․․․ Մեզ պետք չէ մարդ ծեծել։ Մենք այնքան ուժեղ ենք, որ մեր միասնականության առջև չեն կարողանալու որևէ բան անել։ Մենք այնքան ուժեղ ենք, որ իրար հետ կարողանում ենք պայքարել՝ արևին, անձրևին, քամուն, ցրտին,և մեր պայքարն անկասելի է։
Հայ ազգը ոտքի է կանգնել, Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել։ Մեր հաղթանակն անկասելի է։
Մեր գործն արդար է, և մենք անպայման շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք առանց թուրքի Հայաստան»,- ասաց Արթուր Վանեցյանը։