28/04/2022 17:53
ԼՂ կարգավիճակի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան․ մենք տեսնում ենք մեր դերը՝ կողմերի մերձեցմանն օգնելու հարցում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։
Ինչպես նշել է Զախարովան, ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի` միմյանց ընդառաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։
«Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով»,- հավելել է Զախարովան։
«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է նա։