28/04/2022 09:53
«Փաստ». Մոսկվայում լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին մեծ թափ են ստանում ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաները, որոնց կուլմինացիան, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմության հայտարարած մեծ հանրահավաքից առաջ Երևանում նախատեսված է ևս մեկ մեծ միջոցառում։ Ինչոր մարդիկ ապրիլի 30-ին հանրահավաք են նախատեսում Շահումյանի հրապարակում, որն, ի դեպ, արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այն նվիրված է լինելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին մեծ ծախս է արված համերգային բեմահարթակ կառուցելու, էստրադայի աստղեր ապահովելու և Ռուսաստանից հյուրեր բերելու համար։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Մոսկվայում էլ շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով, քանի որ պետական որևէ մասշտաբային միջոցառում չի իրականացվել, փոխարենը, փաստացի, այս բացը փորձում են լրացնել որոշակի շրջանակներ: Ինչ վերաբերում է այդ «շրջանակներին», ապա Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ի գիտություն է ընդունվել քաղաքացի Աշոտ Գալստյանի դիմումը: Խոսքը նույն Գալստյանի մասին է, որը մարտի 19-ին բազմամարդ երթ էր նախաձեռնել դեպի ՌԴ դեսպանատուն: Նրա մասին հայտնի է միայն, որ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է»։