28/04/2022 17:20
Կառավարությունը խրախուսում է հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով «Սարանիստ» և «Գրին պրոդ» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Սարանիստ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Ծրագրի նպատակն է վերականգնել ապակե տարաների արտադրությունը, բարելավել աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։ 1989 թ.-ին հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 400 մլն դրամի կապիտալ ներդրում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 663 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84 մլն դրամ:
«Գրին պրոդ» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի պանրի արտադրության համար։ 2020 թ. Արմավիրի մարզում հիմնադրված ընկերությունը նախատեսում է կառուցել արտադրամաս նաև Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում։ Կիրականացնի ևս 500 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 16 նոր աշխատատեղ` մինչև 300,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3 մլրդ դրամ: