29/04/2022 17:30
Սոլյարի. ի՞նչ է պետք իմանալ սրահ այցելելուց առաջ. դրական և բացասական կողմեր
Վերջին տարիներին սոլյարի այցելելը բավական նորաձև է դարձել։ Սոլյարի ծառայություններ մատուցող սրահներից հաստատում են՝ իգական սեռի ներկայացուցիչներին զուգահեռ՝ բրոնզափայլ-շոկոլադագույն մաշկ ունենալու հարցում հետ չեն մնում նաև տղամարդիկ, հատկապես՝ սպորտով զբաղվող արական սեռի ներկայացուցիչները։
«Հայաստանում սոլյարի սրահներ հաճախում են հիմնականում 18 տարեկանից բարձր մարդիկ՝ հիմնականում աղջիկներ։ Տղա այցելուներն ավելի փոքր թիվ են կազմում։ Մեր ծառայություններից, որքան էլ տարօրինակ հնչի, առավել շատ օգտվում են ամռանը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի սոլյարի սրահներից մեկի մենեջեր Նատա Նազարեթյանը։
Նա նշեց, որ եթե հաճախորդը ցանկանում է մաշկի առավել մուգ երանգ ստանալ, ապա սոլյարիի 1 րոպեի արժեքն այդ դեպքում կազմում է 250 դրամ, իսկ ահա նուրբ շոկոլադագույն արդյունք ապահովելու համար՝ 200 դրամ։
«Առաջին անգամ հաճախորդը սոլյարիում մնում է 6-8 րոպե, աստիճանաբար տևողությունը ավելացվում է։ Կան հաճախորդներ, որոնք մինչ անգամ 20 րոպե սոլյարիում են մնում։ 4-5 այցելութունից մաշկի ցանկալի երանգն ապահովված է լինում», - ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է սոլյարիի դրական և բացասական կողմերին, Նատա Նազարեթյանը նկատեց՝ սոլյարին հակացուցված է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև մարմնի վրա ցանկացած վերքերի, բշտիկների և բորբոքումների դեպքում: Սոլյարին հակացուցված է նաև հիպերտոնիկներին, շաքարային դիաբետով հիվանդներին, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներով անձանց։ Առանձնահատուկ ուշադրություն են պահանջում աչքերը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումից չվնասվելու համար։
Խոսելով սոլյարիի դրական կողմերի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ արհեսատկան արևայրուքը կարող է ամրապնդել առողջությունը: Սոլյարիից օգտվելիս մարդու օրգանիզմում D վիտամին է սինթեզվում: Բացի այդ՝ սոլյարին նպաստում է սթրեսի հաղթահարմանը, թուլացնում է նյարդերը։
Նատա Նազարեթյանը հիշեցրեց, որ ոչ մի դեպքում չի կարելի սոլյարիում պառկել դիմահարդարված վիճակում։ Սրահ այցելությունից առաջ չի կարելի սնուցող կամ հորմոնալ քսուքներ օգտագործել: Բացի այդ՝ չափազանց զգայուն մաշկ ունեցող անձանց խորհուրդ չի տրվում սոլյարիում գտնվել առանց լողազգեստի՝ նուրբ հատվածները ճառագայթելուց խուսափելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։