29/04/2022 18:00
Սպորտային սնունդ. անվնա՞ս է արդյոք այն առողջության համար. պարզաբանում է ֆիթնես-մարզիչը
Aysor.am-ն այսօր իր ընթերցողին պատմում է սպորտային սննդի մասին։ Ի՞նչ է սպորտային սնունդը, ո՞ւմ է այն ցուցված կամ հակացուցված, ի՞նչ պետք է իմանալ օգտագործելուց առաջ։ Այս և այլ հարցերի պատասխանում է ֆիթնես-մարզիչ Սեդա Գրիգորյանը։
Մասնագետի խոսքով՝ սպորտային սնունդն իրենից անվնաս սննդային հավելում է ներկայացնում, որը երբեմն սխալմամբ շփոթում են հորմոնների հետ։
«Սակայն որքան էլ սպորտային սնունդն անվնաս է, դրա յուրաքանչյուր տեսակն իր կոնկրետ հակացուցումներն ունի։ Այդ է պատճառը, որ սպորտային սնունդ օգտագործելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել մարզչի հետ», - ասաց ֆիթնես-մարզիչը։
Սեդա Գրիգորյանը նշեց, որ սպորտային սնունդը լինում է ինչպես շոկոլադե բատոնների, թխվածքաբլիթների, ուտելի կրեմների, այնպես էլ, օրինակ, փոշենման զանգվածի կամ պարկուճների տեսքով։ Ընդ որում՝ ամենաորակյալ սպորտային սնունդն առաջարկում են ամերիկյան և գերմանական ընկերությունները։
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ սպորտային սնունդը Հայաստանում մատչելի հաճույք չես համարի, քանի որ, օրինակ, փոքրիկ տարայով ուտելի կրեմների գինը սկսում է 2500-3000 դրամից, շոկոլադե բատոնններինը՝ 800-1000 դրամից։
«Սպորտային սննդի որոշ տեսակներ, կախված բաղադրությունից, նպաստում են ճարպերի արագ այրմանը, մյուսներն օգնում են քաշ հավաքել կամ ծանր մարզումներից առաջ հավելյալ էներգիա են հաղորդում օրգանիզմին։ Շուկայում առկա է նաև վիտամինների տեսքով սպորտային սնունդ», - նշեց ֆիթնես-մարզիչը՝ հավելելով, որ եթե մարզվող մարդու առօրյան խիստ հագեցած է, և նա չի հասցնում օրվա ընթացքում նորմալ սնվել, սպորտային սննդի որոշ տեսակներ լրացնում են նաև այս բացը։
Սեդա Գրիգորյանը հիշեցրեց, որ ցանկացած պահի կարելի է դադարեցնել սպորտային սննդի ընդունումը՝ մտավախություն չունենալով, որ դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։