29/04/2022 16:53
Իշխանությունը, լավ գիտակցելով երիտասարդության ուժը և այն օգտագործած լինելով 2018-ին, վախենում է նրանից՝ հասկանալով, որ երիտասարդության ուժը կարող է իրենից լուրջ սպառնալիք ներկայացնել. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չափազանց կարևոր է համարում վերջին օրերի բողոքի գործողություններին երիտասարդների ներգրավվածությունը և բուհերում «Զարթնի՛ր, ուսանող» կարգախոսով ակցիաները։
Նրա խոսքով՝ երիտասարդները մեծ եռանդով են օժտված և, իսկապես, կարող ուժ են՝ ունակ իրագործելու ամենատարբեր գաղափարներ։
«Բողոքի գործողությունները, որոնք ենթադրում են փողոցներ փակել, երթեր, ցույցեր կազմակերպել, երիտասարդներին ավելի լավ են տրվում, քանի որ նրանք ուժեղ են, քան, ասենք, 50-60 տարեկան մարդիկ։ Ուսանողները, երիտասարդները ֆիզիկական տեսանկյունից կարող են շատ ավելի երկար դիմանալ և արդունավետ պայքար մղել», - Aysor.am-ի թղթակի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ բազմաթիվ գործողություններ, որոնց չեն գնա միջինից բարձր տարիք ունեցող ցուցարարները, առանց վարանելու, կարող են կատարել երիտասարդները, քանի որ նրանք ավելի մոբիլ են գործում՝ մեքենաների վրա բարձրանալ, հարկ եղած դեպքում վազել և արագորեն փողոցի մեկ այլ հատված փակել։
«Մեծահասակները մտածում են՝ հանկարծ ցույցերի ժամանակ իրենց մի բան չլինի, անվնաս հասնեն իրենց ընտանիքներին, իսկ երիտասարդները նման մտավախություն չունեն։ Բացի այդ, երիտասարդները տարբերվում են նաև իրենց մենթալիտետով։ Նրանք ավելի անկաշկանդ են՝ իրականացնելու իրենց գաղափարները, ինքնադրսևորվելու որպես լիդերներ, մինչդեռ, ավելի տարիքով քաղաքացիները հաճախ ինքնադրսևորվելու հավես չունեն. նրանք իրենց իրացրել են ավելի երիտասարդ տարիքում», - ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ գաղափարները կարծրացած են, և բողոքի ակցիաների ժամանակ նրանք դժվարությամբ են արտառոց արարքների գնում, մինչդեռ, ուսանողական և ավելի բարձր տարիքում գտնվողներն անհամեմատ ակտիվ և նախաձեռնող են։
«Գործող իշխանությունը, լավ գիտակցելով երիտասարդության ուժն ու եռանդը և այդ ուժը օգտագործած լինելով 2018-ին, վախենում է նրանից՝ հասկանալով, որ երիտասարդության ուժը կարող է իրենից լուրջ սպառնալիք ներկայացնել», - ընդգծեց Բադալյանը: