29/04/2022 10:38
ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Դա այն է, ինչում շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք առաջ տանել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը: