29/04/2022 20:10
Եկել է պահը, որ նորից պետք է ամրապնդվենք, ուղղենք մեր ողնաշարը և ասենք, որ մե՛նք ենք այս տարածաշրջանի տերը․ այստեղ ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու մեր և Արցախի ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
Պարտությունները, անհաջողությունները, պարտվողականության արշավն այս իշխանությունների օրոք շարունակվում է, որովհետև նրանք ոչ մի եզրակացություն չեն անում իրավիճակից, Գյումրիում բողոքի քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա շեշտեց՝ պարտադրանքի, ճնշման ներքո՝ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում․ ստանում են հզորությամբ, ուժով, ազգային և միջազգային երաշխիքներով։
«Խաղաղության երաշխիքը բանակն է, հզոր ուժային կառույցները, համախմբվածությունը, միասնականությունը, ներքին ամրությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ընդդիմության ու հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների պայքարը հենց հայրենիքը հզորացնելուն է ուղղված։
«Այս պայքարը՝ մեր ժողովրդի պայքարը, ուղղված է նրան, որ մենք հենց այնպես չհպատակվենք, ծնկի չիջնենք հակառակորդի՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջ։ Մեր ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ մենք մշտապես պատերազմի, մարտական գործողությունների մեջ ենք եղել, և այն ժամանակ, երբ եղել ենք համախմբված, երբ ներսում եղել ենք ամուր, ցույց ենք տվել մեր պայքարի ոգին, դրա հետ հաշվի են նստել նաև հակառակորդները, դրա հետ հաշվի են նստել և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։ Եկել է պահը, որ նորից պետք է ամրապնդվենք, ուղղենք մեր ողնաշարը և ասենք, որ մե՛նք ենք այս տարածաշրջանի տերը․ այստեղ ոչ ոք իրավունք չունի առանց մեզ՝ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։