29/04/2022 14:49
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով` 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը. սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: