29/04/2022 19:24
Թույլատրվում է մանուկների համար միջոցառումների, արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն․ ԱՆ
Հայաստանի Հանրապետությունում այժմ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Բացի այդ, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը:
Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։
Հրամանի փոփոխությունը հրապարակվել է այսօր. նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։