29/04/2022 19:39
Երիտասարդներ, միացեք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կլինի անվտանգ, որտեղ կկարողանաք պլանավորել ձեր ապագան․ Վանեցյան
Մեր պայքարի հերթական օրն է, այսօր ավելի շատ մարդ կա մեզ հետ, այս պայքարի արդյունքը կախված է մեզանից յուրաքանչյուրից, Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը պայքարին միանալու կոչ ուղղեց նրանց, ովքեր դժգոհ են օրվա իշխանություններից, սակայն բողոքի տարբեր ակցիաներին հեռավար են հետևում։
«Միացեք, որ վաղը ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մեջ կարողանաք նայել։ Երիտասարդներ, միացեք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կլինի անվտանգ, որտեղ կկարողանաք պլանավորել ձեր ապագան։
Այս շարժումը մեր բոլորինն է, բոլոր հայերինը, բոլոր այն մարդկանցը, ով սիրում է Հայաստանը և Արցախը։
Չենք հոգնելու, պայքարելու ենք և պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաև իշխանական քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին, որոնցով փորձ է արվում մոլորեցնել հանրությանը։
«Ուզում եմ ուղիղ ասել հետևյալը՝ երբ ասում են, որ մենք պատերազմ ենք ուզում, հավատացեք, պատերազմն իրենց մնալու դեպքում է լինելու։ Մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին, մեր ժողովրդին։ Երբ ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով բերելու է քաղաքացիական բախումների, հիմա պաշտոնապես ասում եմ, որ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Եթե մի հոգու քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Նա հայտնեց նաև, որ ապրիլի 30-ին ևս երթ է անցկացվելու, իսկ հետո ազդարարվելու է պայքարի վճռական՝ շատ կարևոր փուլի մասին։
Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկեց դեպի Թումանյան, Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան փողոցներ, որի հատվածներից մեկում էլ երթի մասնակիցները կմիանան Դիմադրության շարժման քայլերթի մասնակիցներին։