29/04/2022 09:39
«Ժողովուրդ». Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Փաթեթում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվություններին, և այժմ նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների և ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ և լոկալ իրավական ակտ:
Ներկայում ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով՝ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:
Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը»։