29/04/2022 18:40
Հայոց Հայրապետը միջազգային համաժողովի մասնակից փաստաբանների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նրանք միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրել է, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանոթանալու հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը և իրավական ոլորտում ունեցած ավանդին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու առանցքային դերակատարությանը, ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։
Անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, հայ ժողովրդի համար հատկապես այս դժվարին ժամանակներում, Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։
Վեհափառ Հայրապետը վստահեցրել է, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի շնորհիվ և բարեկամ ու հավատակից ժողովուրդների զորակցությամբ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները: