30/04/2022 16:10
Մասնագիտացված ընկերությունները՝ բուրդ լվացող-«չփխող» հայուհիների փրկություն. գներ և պայմաններ
Մինչև վերջին տարիները միջին վիճակագրական հայուհիներից շատերը բնակելի շենքերի կամ առանձնատների բակերում բուրդ էին լվանում-չորացնում, իսկ հետո էլ՝ վերմակ-ներքնակներ կարում՝ բոլորի մոտ «գլուխ գովելով», որ իրենց անկողնու նման փափուկ անկողին ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի։
Բայց, ինչպես ասում են, ժամանակները փոխվում են, ժամանակի հետ՝ նաև հին բարքերն ու սովորույթները։ Այժմ հայկական ընտանիքներում բրդյա վերմակների և ներքնակների փոխարեն գերակշում են սինտիպոնե կամ այլ նյութերից անկողնային պարագաները, որոնց խնամքն անհամեմատ ավելի հեշտ է։
Իսկ այն տանտիրուհիներին, որոնք, այնուամենայնիվ, չեն հրաժարվում բրդյա անկողնային պարագաներից, այսօր օգնության են հասնում մասնագիտացված ծառայությունները, որոնք որոշակի վճարի դիմաց քանդում-լվանում են բուրդը, կարում վերմակներն ու ներքնակները և արդեն պատրաստի անկողնային պարագաները Երևանի տարածքում անվճար առաքում պատվիրատուին։
Այսպիսի ընկերություններից մեկի աշխատակից Նաիրա Ստեփանյանն Aysor.am-ի թղթակցին պատմեց, որ մեկտեղանոց մեկ վերմակի բուրդը լվանալ-կարելն իրենց մոտ արժե 5500 դրամ, երկտեղանոց մեկ վերմակը՝ 9000 դրամ։ Իսկ ահա երկտեղանի ներքնակը բրդի լվանալ-կարելու ծառայությամբ հանդերձ 8500 դրամ է։
«Եթե հին կտորը նորով փոխարինելու կարիք է լինում, պատվիրատուն դրա համար հավելյալ է վճարում՝ կախված կտորի տեսակից», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք զբաղվում են նաև բարձերի քիմմաքրմամբ՝ ամենամեծ չափի բարձերը լվանալով 2500-3500 դրամով։
Նաիրա Ստեփանյանը տեղեկացրեց, որ պատվերները կատարվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, վերմակ-ներքնակները կարում են իրենց աշխատակցուհիները՝ ձեռքով. բրդի պարագայում, նրա խոսքով, ապարատային կարերը ցանկալի չեն, որպեսզի հետո անկողնային պարագաներ կրկին հնարավոր լինի քանդել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։