30/04/2022 17:00
Լարինգիտի բուժման մեթոդներ քիթ-կոկորդ-ականջաբան ժենյա Սարգսյանից
Լարինգիտը կոկորդի և ձայնալարերի լորձաթաղանթի բորբոքումն է, որն արտահայտվում է հազով և ձայնի խանգարմամբ։ Շատ դեպքերում լարինգիտը զարգանում է վիրուսային վարակի արդյունքում։ Այս հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է բավականին տհաճ ախտանիշներով։
Aysor.am-ի հետ զրույցում քիթ-կոկորդ-ականջաբան Ժենյա Սարգսյանը պատմեց, թե ինչպես կարելի է նվազեցնել լարինգիտի ախտանիշները և արագ բուժել այս հիվանդությունը:
«Որպես կանոն, լարինգիտը առաջանում է վիրուսային վարակի հետևանքով, ինչպես մրսածությունը, կամ բրոնխիտը։ Շատ դեպքերում, մեծահասակների մոտ լարինգիտն ինքնըստինքյան անցնում է մի քանի օրվա ընթացքում, իսկ երեխաների մոտ կարող է առաջացնել շնչառական հիվանդությունների բարդություններ։
Որոշ դեպքերում լարինգիտը զարգանում է բակտերիալ, կամ սնկային վարակի հետևանքով։ Քիմիական գրգռիչների ազդեցությունը նույնպես սրման պատճառ կարող է հանդիսանալ», - ասաց բժիշկ Սարգսյանը:
Լարինգիտ հիվանդության վաղ փուլում հետևյալ ախտանշանները նկատելուն պես, պետք է խորհրդակցել բժշկի հետ հետագա բարդություններից խուսափելու համար։ Հաճախ ախտանիշները կարող են պահպանվել ավելի քան երկու շաբաթ. այս երևույթն արդեն նշան է բարդացած լարինգիտի, որտեղ բժշկի միջամտությունը պարտադիր է.
Խռպոտություն և չոր հազ
Այտուց, բորբոքում, կամ քոր կոկորդում
Սնունդը կուլ տալու դժվարություն
Աճող ցավ ու ջերմության բարձրացում
Շնչելու դժվարություն
Թքի արտազատման ավելացում
Բժիշկն անդրադարձավ նաև այն գործոններին, որոնք կարող են մեծացնել լարինգիտի զարգացման ռիսկը՝
Վոկալ լարերի վրա չափազանց մեծ սթրես. լարինգիտը նրանց մասնագիտական հիվանդությունն է, ովքեր շատ ու հաճախ են խոսում, կամ երգում, ալերգիաներ և ծխախոտի ծուխ, որը գրգռում է ինչպես կոկորդը, այնպես էլ ձայնալարերը։
«Սպառնացող ռիսկերը կանխելու համար ցանկալի է խուսափել շշուկով խոսելուց. հակառակ տարածված կարծիքի, շշուկը կրկնապատկում է կոկորդի բեռը և հանգեցնում է ձայնալարերի ուժեղ լարվածության։
Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք. եթե ցանկանում եք նվազեցնել տհաճ ախտանիշները, համոզվեք, որ կոկորդը բավականաչափ խոնավ է, խուսափեք կոֆեինից և ալկոհոլից, որոնք կարող են մեծացնել չորությունը և գրգռվածությունը: Բերանի խոռոչի ողողման մեթոդին դիմելիս նույպես ախտանիշները զգալիորեն կնվազեն»,-մանրամասնեց մասնագետը։
Տնային պայմաններում կոկորդի ցավը մեղմացնելու համար կարելի է կիրառել դեղաբույսեր. խոտաբույսերը վաղուց օգտագործվել են կոկորդի ցավը բուժելու, ինչպես նաև լարինգիտի հետ կապված այլ ախտանիշները նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, դեղաբույսերը կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, հատկապես, երբ դրանք ընդունվում են այլ դեղամիջոցների, կամ հավելումների հետ: Լարինգիտի բուժման համար որևէ դեղաբույս օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ եք լարինգիտով հիվանդանում։ Եթե դա հաճախակի բնույթ է կրում, դիմեք բժշկի, ով կարող է որոշել հիվանդության պատճառն ու համապատասխան բուժում նշանակել։ Քրոնիկ լարինգիտի պատճառները կարող են ներառել ալերգիա, բակտերիալ, կամ սնկային վարակ, քաղցկեղ, վնասվածքի, ուռուցքի, կամ ինսուլտի հետևանքով առաջացած ձայնալարի կաթված։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։