30/04/2022 19:31
Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող լինել ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, պատմական պահանջների ոտնահարման, ի հաշիվ Արցախի ու հայ ժողովրդի․ Վանեցյան
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն մենք դեմ չենք, բայց ասում ենք, որ դա չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, ի հաշիվ Հայաստանի պատմական պահանջների ոտնահարման, ի հաշիվ Արցախի, ի հաշիվ հայ ժողովրդի, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումը ներկայացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա մի քանի պարզ օրինակ բերեց, թե Հայաստանն այս օրերին ինչ ուղերձներ է ստանում Թուրքիայից։
«Երբ խոսք գնաց Հայաստանի հետ սահմանները բացելու մասին, Թուրքիայի կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի հետ անցակետը պետք է կրի Աթաթուրքի անունը։ Մեր հայրենակից Կարո Փայլանը, որն առաջարկեց Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման օրինագիծ շրջանառել, Էրդողանի մակարդակով որակվեց «դավաճան» և նրա նկատմամբ սկսվեցին հետապնդումներ։ Այս տարի Ստամբուլում արգելեցին ապրիլի 24-ի հայերի երթը՝ ի հիշատակ 1915 թվականի Ցեղասպանության, Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարարը բողոքի ակցիա իրականացնող հայերին ցույց տվեց «Գորշ գայլերի» հայտնի նշանը», - ասաց Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով նաև 44-օրյա պատերազմին Թուրքիայի դերակատարման մասին։
Այս ամենը, նրա խոսքով, նշանակում է, որ Թուրքիան չի պատրաստվում առանց նախապայմանների գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։
«Ամենակարևոր հարցը՝ եթե Թուրքիան իրապես ցանկանում է առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, թող բացի իր կողմից միակողմանիորեն փակված ճանապարհները», - ընդգծեց Արթուր Վանեցյանը։