30/04/2022 19:19
Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ Վանեցյան
Մեր դիրքորոշումն այն է՝ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները, նրա խոսքով, բացառվելու են։
«Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքը պետք է շարունակել, սակայն միայն հայանպաստ դիրքերից։
«Արցախի հարցը մեզ համար փակված չէ, Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, օրակարգում է։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Արթուր Վանեցյանը նշեց նաև, թե ինչ գործիքակազմով են առաջնորդվելու։
«Միաժամանակ պետք է սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ։ Եվ ես համոզված եմ, որ մենք կհաջողենք», - ընդգծեց նա։