30/04/2022 18:49
Պատերազմ բերում են այս իշխանությունները․ ընդդիմության հաղթանակի դեպքում լինելու է կայունություն, խաղաղություն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը․ Վանեցյան
Դա հերթական կեղծ պնդումն է իշխանությունների կողմից, եթե կուզեք՝ ահաբեկում է ժողովրդին, վախեցնում, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա լինելու է պատերազմ, ասուլիսի ժամանակ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իշխանության պնդումները, թե ընդդիմության գործունեությունը «վտանգավոր է» և «տանում է պատերազմի», ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Եկեք տրամաբանենք՝ ո՞վ բերեց մեր երկիրը պատերազմի․ գործող իշխանությունները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր երկիրը, Արցախը մտավ պատերազմի մեջ թշնամու հետ։ Պատերազմի բերել են իրենք և այդ պատերազմը մինչ օրս չի ավատվել», - ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց՝ ռազմական գործողությունները գործող իշխանությունների օրոք տեղափոխվեցին ՀՀ տարածք, Հայաստանի սուվերեն տարածքում 1 տարուց ավելի է՝ թշնամու զինուժն է տեղակայված, ամեն օր ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում։
«Թշնամին ամեն օր ասում է, թե մենք ունենք Հայաստանի տարածքում «պատմական տարածքներ», որոնք անպայման վերցնելու ենք։ Ի՞նչ են անում այս իշխանությունները, անհեթեթ հայտարարություններով, շատ մեղմ փորձում են պատասխանել։ Գալիս, ասում են, որ պետք է գնանք զիջումների։ Մարդկանց վախեցնում են, ասում են՝ բանակ չունենք, եթե զիջումների չգնանք, պատերազմ կլինի, բայց դրա հետ մեկտեղ նաև ասում են, որ անգամ եթե գնանք զիջումների, դա չի երաշխավորում, որ թշնամին պատերազմ չի սկսելու։ Միաժամանակ՝ բանակը չեն վերականգնում, Ալիևն էլ հայտարարում է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, Հայաստանի բնակչությունն էլ պետք է չշատանա և այլլն, և այլն։
Պատերազմ բերում են ա՛յս իշխանությունները, ընդդիմությունը պատերազմ չի բերելու։ Ընդհակառակը, ընդդիմության հաղթանակի դեպքում ես վստահ եմ, որ պատերազմ չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, և Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։