30/04/2022 20:13
Նոր իշխանությունը պետք է խոսի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ, բայց չասի՝ ձեզ ի՞նչ տամ, էլ ի՞նչ եք ուզում, այլ գնա և պաշտպանի իր երկրիը, իր ժողովրդի շահերը․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքեց իշխանությունների կողմից ամենից շատ շրջանառվող թեզին, թե եթե ընդդիմությունը գա իշխանության, նոր պատերազմ կսկսվի։
«Սա հիմնական թեզն է, որով իշխանությունը փորձում է ժողովրդին վախեցնել։ Ասում են՝ եթե մենք չեղանք, տեղի է ունենալու պատերազմ։ Այսինքն, շարունակում են Ալիևով վախեցնել մեր ժողովրդին։ Եթե սրանք մնան, կտոր-կտոր, մաս առ մաս կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛, առհասարակ, հայոց պետականությունը», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, դրսևորվի կամք և վճռականություն, լինի արդյունավետ կառավարում, արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարվի, հնարավոր կլինի իրականում պաշտպանել երկիրը։
«Հայաստանը ցույց է տվել, որ կարող է շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ մեր թիվ մեկ ռազմավարական և դաշնակցային գործընկերոջ ՌԴ-ի հետ, շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ մեր հարևան Իրանի և Վրաստանի հետ և արդյունավետ ու բարձր համագործակցություն վարել արևմտյան երկրների, նաև ԱՄՆ-ի հետ», - նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նոր կառավարությունը, նրա խոսքով, այս ամենը պետք է իրականացնի, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր պատերազմի գնալու՝ գործող իշխանության թեզը սին է։
«Չի լինելու նման բան։ Նոր իշխանությունը պետք է գա, խոսի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ, բայց ոչ թե պետք է գնա և ասի՝ ձեզ ի՞նչ տամ, էլ ի՞նչ եք ուզում, այլ գնա և պաշտպանի իր երկրիը, իր ժողովրդի շահերը։
Դա կարող ենք անել, դրա համար պետք է ուժեղ Հայաստան։
Ինչպե՞ս կարող ենք կերտել ուժեղ Հայաստան՝ արդյունավԵտ կառավարմամբ, նվիրյալներով, մարդկանցով, ովքեր պետք է տիրոջ զգացումով առաջնորդվեն, ոչ թե ասեն՝ ով ինչ ուզում է, տանք, մենակ թե մեր իշխանությունը պահենք», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: