30/04/2022 20:30
Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը այդքան շատ են մտածում մեր երկրի անվտանգության մասին, ապա թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում․ կարող են ձերբակալել․ ԱԺ փոխնախագահ
Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը այդքան շատ մտածում են մեր երկրի անվտանգության մասին, ապա երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում։ Պետական դավաճանության հոդվածով հիմա կարող են ձերբակալել ու դրանով երկրին շատ օգտակար կինեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ընդդիմության հավաքների վերաբերյալ ԱԱԾ-ի և ոստիկանության տարածած հայտարարություններին։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության կողմից։
«Շատ հետաքրքրիր են նաև Նիկոլին սպասարկող և օտարածին միջոցներից սնվող աղբյուրները, որ երեկվանից վայնասուն են դրել՝ ինչո՞ւ ընդդիմությանը չեն կոտորում։ Այսինքն, ակնհայտ է, որ ճնշելու և դրդելու են, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ապօրինի միջոցներով քայլեր ու գործողություններ իրականացնեն ընդդիմության և խաղաղ ակցիաների դուրս եկած քաղաքացիների նկատմամբ», - ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը ուժայիններին ու ոստիկանությանը կոչ արեց չտրվել սադրանքներին։
«Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրենց ևս մասնակից դարձնի ապօրինություններին, իսկ այդ ուժերը, որոնք անընդհատ դրդում են ոստիկանությանը, շարունակելու են դրդել։ Նրանք պետք է տեղիք չտան դրան, մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակում։ Մեր սահմանադրական իրավունքն է դուրս գալ փողոց, մեր անհնազանդությունն ու խաղաղ բողոքի ակցիաներն իրականացնել։ Թող սադրանքի, Նիկոլին սպասարկող խունտայի ձեռքին գործիք չդառնան՝ հանուն մեր պետության, հանուն մեր երկրի ու հանուն իրենց ուսադիրների», - ասաց Իշխան Սաղաթելյանը։