30/04/2022 20:36
Հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ կուսակցության, մեկ առաջնորդի կառավարություն․ լինելու է արժանիների, պրոֆեսիոնալ կառավարություն. Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ամենից հաճախ հնչող հարցին՝ ո՞վ է ընդդիմության առաջնորդը։
«Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է։ Այսօր մեր քաղաքացիներից որևէ մեկը չի գալիս հրապարակ՝ ինձ, իմ գործընկերոջը կամ որևէ քաղաքական ուժի իշխանության բերելու համար։ Մարդիկ այսօր դուրս են եկել փողոց, որովհետև հասկանում են, որ իրենց պետականությունը կորցնում են։
Հետևաբար, սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի կառավարություն։ Լիելու է արժանիների կառավարություն, պրոֆեսիոնալ կառավարություն, որը ձևավորվելու է պայքարին մասնակցած ուժերի կողմից, և այն անձը, ով լինելու է վարչապետ, պետք է ունենա հանրային լայն վստահություն», - ասաց նա։
Հարցին՝ հավակնո՞ւմ է արդյոք ինքը վարչապետի պաշտոնին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ պայքարի դուրս չի եկել, որ վարչապետ դառնա։
«Ես պայքարի դուրս եմ եկել, որ Հայաստանը, առհասարակ, վարչապետ ունենա», - ասաց նա։