30/04/2022 15:27
Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ առասպելներին հղում կատարելը. Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ Միրզոյանին
Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
«Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք։ Սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը։ Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք», - ասել է Լեյլա Աբդուլաևան։
Ավելի վաղ Արարատ Միրզոյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել էր, որ «մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով»։