01/05/2022 13:08
Իրավապահների և իշխանական արբանյակների կողմից նախնական ազդակները՝ հավանական բախումների վերաբերյալ, մտահոգիչ են․ Մելոյանը՝ այսօրվա հանրահավաքի մասին
Այսօրվա հանրահավաքի վերաբերյալ իրավապահ մարմինների և իշխանական արբանյակների կողմից նախնական ազդակները՝ հավանական բախումների վերաբերյալ, ՊԶՄԿ գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը մտահոգիչ է համարում։ Ֆեյսբուքյան էջում նա կոչ է արել չտրվել սադրանքների, իսկ իրավապահ մարմիններին կոչ է արել գործել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում։
«Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը՝ 16:00-ին նախաձեռնվել է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:
Սակայն բավականին մտահոգիչ են իրավապահ մարմինների և իշխանական արբանյակների կողմից ուղղվող նախնական ազդակները՝ հավանական բախումների վերաբերյալ: Կոչ ենք անում լինել առավել աչալուրջ և չտրվել սադրանքների», - նշել է նա։
Նա նաև մի քանի հոդված է մեջբերել։
«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինեն Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Համաչափության սկզբունքի չափավորության տարրը ենթադրում է, որ կոնկրետ գործողությունը, ներառյալ՝ ուժի կիրառման ձևը, չի կարող կատարվել, քանի դեռ այդ նպատակին հնարավոր է հասնել ավելի ՄԵՂՄ միջոցով։
«Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
«Նաև հիշեցնում եմ, 2020 թվականի նոյեմբերի 20-ին, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու նպատակով, փողոցում հայտնված չինական մակագրությամբ հագուստով Ոստիկանության անունից հանդես եկող անձանց հետ կապված դրվագի մասին, ինչն ստացավ հանրային լայն արձագանք:
«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքները պարտավորեցնում են կրել ոստիկանական համազգեստ։
Դիցուք՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա ՏԵՍԱՆԵԼԻ մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն իրականացնելու են մոնիթորինգ և անհրաժեշտության պարագայում ցուցաբերելու իրավական աջակցություն հանրահավաքի մասնակիցներին։
Խնդրում ենք իրավապահ մարմիններին գործել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում՝ մնալով համաչափության և օրինականության դաշտում», - գրել է սահմանադրագետը: