01/05/2022 17:12
Մենք ինչպե՞ս տուն գնանք, մենք էլ տուն գնալ չունենք. մեր տունը Շուշին է ու Հադրութը. Հայկ Մամիջանյան
Այսօր մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը. մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Շատերը հարցնում են՝ ե՞րբ ենք մեր նպատակին հասնելու։ Այսօր այստեղ հավաքված մարդիկ ինչպես կարո՞ղ են չհասնել իրենց նպատակին։ Մենք արդեն հաղթել ենք, որովհետև խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեր քաղաքացիները մոտենում և մեզ սատարում էին։
Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել. Նիկոլ չկա։ Մենք ինչպե՞ս տուն գնանք, մենք էլ տուն գնալ չունենք. մեր տունը Շուշին է ու Հադրութը։ Ես ուզում եմ Շուշիում և Հադրութում պարել։ Ես չեմ ուզում՝ իմ ապագա երեխաներն ադրբեջաներեն ու թուրքերեն խոսեն, ես ուզում եմ՝ նրանք սովորեն «հայրենիք», «ազատություն» ու «հաղթանակ» բառերը», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը հայտարարեց՝ իրենք Նիկոլ Փաշինյանին որևէ մեկի առաջ «կզելու» մանդատ չեն տվել։
«Եկե՛ք հրապարակ, թե չէ սրանք մեր փոխարեն են ուզում որոշել։ Բոլորս մեր երկրի համար խաղաղություն ու բերակեցություն ենք ուզում՝ առանց Նիկոլ Հայաստան։ Նիկո՛լ, դու պիտի գնաս», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ հանրահավաքի թափից վախեցած իշխանությունները ցույցի վայր ավտոբուսներով մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել։
Վերջում Հայկ Մամիջանյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց դուրս գալ ֆեյսբուքյան տիրույթից և իրական «լայք» դնել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ ՀՀ քաղաքացին է որոշում Հայաստանի ապագան։
«Նիկո՛լ, ուշադիր լսիր, դավաճանների համար Հայաստանում տեղ չկա», - ասաց Մամիջանյանը։