01/05/2022 16:57
Ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չէ. հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան (Տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ Տիգրանաշենից քայլերթով հասավ այսօր Երևան, հայտարարեց՝ Տիգրանաշենը, Տավուշի գյուղերն ու Արցախը հայկական է ու հայկական է լինելու:
«Մենք սկսել ենք 35 հոգով ու ավարտել ենք ավելի քան 3 հազար մարդով, մեր միասնականությունը հնարավոր չէ կասեցնել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նշեց, թե ջնջել են բոլոր բաժանարար գծերն ու միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստսնից ոչ մի սանտիմետր չի զիջվելու թշնամուն և, որ հայ ժողովրդի արժանապատվությունն անսակարկելի է:
«Պայքարելու ենք հանուն մեր երեխաների ապագայի, հանուն Արցախի ու Հայաստանի, այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չէ. հաղթանակը մերն է լինելու», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: