01/05/2022 16:48
Հայ ժողովուրդը մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը, պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Այսօր այստեղ են Սարդարապատից ու Բաշ-Ապարանից բերված դրոշներն ու ջահերը, որովհետև հնչել է զանգը, հնչել է նոր Բաշ-Ապարանի, նոր Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա մի քանի կարևոր արձանագրում հնչեցրեց, որոնք արվել են պայքարի անցած օրերի ընթացքում։
«Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը, օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։
Հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի և ապագայի տերն է։ Հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին։ Ինչպես նաև փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիևից և Նիկոլից կախված չէ», - ասաղ Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ մայիսի 1–ը պատմական օր է․ հայ ժողովրդի զարթոնքի, միասնականության, համախմբվածութան, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է։
«Անցնող օրերի ընթացքում հարցը, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, լուծեցինք։ Հիմա պետք է լուծենք հաջորդ կարևոր հարցը․ ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլև՝ իշխանություն։ Այսինքն, շատ կարճ ժամանակվա մեջ մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի։ Սա է մեր առջև դրված խնդիրը։
Հայ ազգը ծնկի չի իջել, ծնկի է եկել ընդամենը մի խմբակ, որը երկիրը տարավ պարտության։
«Միասին, թև-թիկունքի տված, գնում ենք առաջ», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։