01/05/2022 17:44
Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում վրաններ կտեղադրի՝ գիշերն այնտեղ անցկացնելու. Իշխան Սաղաթելյանը դասադուլներ և գործադուլներ սկսելու կոչ հնչեցրեց
Մնում ենք մինչև վերջ և այսօր այդ օրն է։ Այս պահից սկսած՝ Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ՝ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք գիշերն անցկացնել», - ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վաղն առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ։
«Վաղն առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։
Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ լինելու են փակ. հատկապես Կենտրոն համայքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - ասաց նա՝ ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ անելով վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ անհարմարությունները շատ կարճ են տևելու. դրանից հետո, ըստ նրա, Հայաստանում միասնություն և արդարություն է լինելու։
Ընդդիմադիր գործիչը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց հրավիրած հանրահավաքն այսօր ընդհատվում է մինչև ժամը 18։45, որպեսզի վրաններ և վառարաներ տեղադրվեն, այնուհետև հանրաավաքը կրկին կվերսկսվի։