01/05/2022 17:23
«Քայլել եմ իմ Հայաստանի և Արցախի, իմ հայրենիքի համար, որ ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»․ ոտքով Սարդարապատից Երևան հասած պատանի (Տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը վեր բարձրացրեց Արցախի դրոշը, որն ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքացիներն իրենց գլխավերևում պարզած տարել են Սարդարապատից Երևան բողոքի ամբողջ քայլերթի ժամանակ։
«Սարդարապատից Երևան ընկած ամբողջ ճանապարհին մեր հարյուրավոր հայրենակիցները վանկարկում էին Արցախ», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց՝ Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը Ղարաբաղի մահապարտ գունդն էր, իսկ հիմա հերթը մերն է՝ պայքարելու հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության, հանուն Արցախի պետականության։
Գեղամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց նաև պատանի Արմենին, որը Էջմիածնում մոր հետ միացել էր իրենց քայլերթին ու հասել Երևան։
«Հանգստի մի պահի հարցրի՝ Արմեն, ինչի՞ համար ես քայլում։ Նույն հարցը հիմա նորից ուզում եմ տալ նրան․ Արմեն ջան, ինչո՞ւ ես ուզում քայլել», - դիմելով պատանուն՝ ասաց Գեղամ Մանուկյանը։
«Ուզում եմ քայլել իմ Հայաստանի և Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում», - պատասխանեց պատանին։
Արմենի խոսքերը հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիները ծափերով ու «Արցախ» վանկարկումներով ողջունեցին։
«Մենք բոլորս քայլեցինք Արմենի և արմենների նման։ Սարդարապատով անցանք, անցանք գյուղերով, ամբողջ ճանապարհին մեջքները կռացած կանայք, տղամարդիկ աշխատում էին։ Այսօր մայիսի 1-ն է, առիթից օգտվելով՝ բոլոր մեր աշխատավորներին, անկախ նրանից՝ այսօր մեր աջակցում են, թե ոչ, շնորհավորում եմ, շնորհավորում եմ նաև նրանց մտքի ազատագրումը, որ հասկանան, ինչպես հասկացել են հազարները, որոնք միացել են մեզ, որ իրենց խաբել են, ստերով են փողոց հանել», - խոսքը շարունակեց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց՝ համոզված է, գործող իշխանությունը հեռանալու է, այլևս չունի աջակցություն նույնիսկ այն համայնքներում, որտեղ ամենից շատն էր ձայն հավաքել։
««Պերֆեկտ TV-ներով նրանք մի օր իրար վրա կինո են նկարելու։ Չկա այլևս ստի իշխանությունը։ Մեր հայրենակիցները ելնում են ոտքի, ասում են նույնը՝ տեր ենք մեր հայրենիքին։ Եվ տիրոջ իրավունքով ասում ենք՝ առանց թուրքի Հայաստան», - ասաց Գեղամ Մանուկյանը։