01/05/2022 17:54
«Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին»․ ԱԺ փոխնախագահը կոչով դիմեց ՔՊ-ին ու ուժային կառույցներին
Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։
«Ուժային կառույցներն անհարմար իրավիճակում են հայտնվել․ չգիտեն՝ Նիկոլին հանրահավաքի մասնակիցների իրական թիվը զեկուցեն, թե՞ ինչ-որ մի թիվ ասեն։ Նիկո՛լ, միացրու, նայիր, հասկացիր՝ ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ իրավիճակին չես տիրապետում», - ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։
«Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», - ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։
Սաղաթելյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հանուն ուսադիրների, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի անվտանգության և երկրի պագայի՝ գործել միայն օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում։
«Չկատարեք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները։ Մենք հայտարարել ենք՝ մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական ու գնալու ենք մինչև վերջ։
Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերին, զինված միավորումներին, բանսարկուներին փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանակում», - ասաց նա։