02/05/2022 21:30
Ալկոհոլի տեսանելի և թաքնված հետևանքները, առաջացող հիվանդությունները
Ալկոհոլի բացասական ազդեցությունից խուսափել հնարավոր է միայն այն բացառելու շնորհիվ։ Մարդու օրգանիզմն անգամ սպիրտի ամենաանվտանգ չափաբաժնի հանդեպ անտարբեր չէ։
Ալկոհոլը բացասաբար է ազդում մարսողական օրգանների (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, կերակրափող) գործունեությանը: Ալկոհոլը վնասում, քայքայում է մարսողական ուղու ներքին մակերեսի բջիջները, պատճառ է դառնում հյուսվածքների այրվածքի ու մեռուկացման, ինսուլին արտադրող բջիջներին է վնասում։ Ալկոհոլի օգտագործումը կարող է դրսևորվել որովայնի ցավերով, մարսողական խնդիրներով, գաստրիտով, շաքարային դիաբետով, ստամոքսի քաղցկեղով։
Ալկոհոլը պատճառ է դառնում էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջների) քայքայման, ինչի հետևանքով արյան ձևափոխված կարմիր բջիջները (էրիթրոցիտները) ի զորու չեն թթվածինը տեղափոխել հյուսվածքներ, իսկ ածխաթթու գազը՝ հյուսվածքներից դեպի թոքեր։ Որպես հետևանք ալկոհոլի անգամ խիստ չափավոր օգտագործման հետևանքով 35-ից 40 տարեկանում արդեն կարող են առաջանալ սիրտ-անոթային հիվանդություններ. առիթմիա, աթերոսկլերոզ, իշեմիկ հիվանդություն։
Ալկոհոլը ազդում է նաև արյան մեջ շաքարի կարգավորման գործընթացին. կարող է դիտվել արյան մեջ շաքարի մակարդակի բարցրացում կամ նվազում, հետևանքները կարող են լինել դիաբետը, հոդերի հետ կապված խնդիրները, նյարդային համակարգի, գլխուղեղի աշխատանքի խաթարումը։
Ալկոհոլն ամենից բացասաբար ազդում է գլխուղեղի, նյարդային համակարգի գործունեությանը։ Եթե այլ օրգանների դեպքում ալկոհոլի ազդեցությունը ժամանակի ընթացքում է դրսևորվում և ոչ բացահայտ, ապա գլխուղեղի և նյարդային համակարգի վրա թողած ազդեցությունն ակնհայտ է։
Ալկոհոլն առավել վտանգավոր է գլուղեղի համար քանի որ այստեղ նրա խտությունն ավելի մեծ է, քան մնացած օրգաններում, ինչը հանգեցնում է գլխուղեղի կեղևի որոշ հատվածների վնասման և նույնիսկ մահվան։ Ալկոհոլն ազդում է նաև նյարդային համակարգի գործունեությանը. որպես հետևանք առաջանում են հիշողության և կենտրոնացման խնդիրներ, մտածելու, տրամաբանելու դժվարություններ։ Ալկոհոլի բարձր չափաբաժինը (1-1.25 լիտր չափահասների դեպքում) կարող է հանգեցնել կոմային վիճակի՝ մահվան ելքով։
Հատկապես լյարդն անպաշտպան է ալկոհոլի ազդեցությունից։ Ալկոհոլի հետևանքով առաջացող ամենատարածված հիվանդություններից է լյարդի ցիրոզը (լյարդի ֆունկցիոնալ անբավարարություն)։
Ալկոհոլի օգտագործումն առաջացնում է քնի, ախորժակի խանգարումներ, վնասվում է նաև մաշկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։