02/05/2022 21:15
Ատամանաքարերն անհրաժեշտ է մաքրել 6, իսկ ատամի խոզանակը փոխել 3 ամիսը մեկ անգամ. խորհուրդներ ատամնաբույժից
Aysor.am-ը ատամնաքարերի հեռացման, բերանի խոռոչի հիգիենայի և պահպանմանն ուղղված հարցերի շուրջ խոսել է ատամնաբույժ Ասքանազ Միրզոյանի հետ։
«Ատամնաքարերի մաքրումն իրականացվում է օգտագործելով ժամանակակից, անվտանգ և բարձր արդյունավետություն ունեցող մեթոդներ՝ հյուսվածքների վնասվածքներից խուսափելու համար: Բավականին պարզ ընթացակարգի դեպքում, որը սովորաբար տևում է ոչ ավելի, քան 40-60 րոպե, նույնիսկ, ցածր ցավի շեմով և բարձր զգայունությամբ հիվանդները, չեն զգում ընդգծված անհանգստություն: Դրա շնորհիվ մաքրումը կարող է իրականացվել գրեթե բոլոր դեպքերում»,-ասաց ատամնաբույժը։
Պրոցեդուրան ատամնաբույժների կողմից իրականացվում է առնվազն վեց ամիսը մեկ անգամ և օգնում է կանխել կարիեսի և լնդերի վտանգավոր պաթոլոգիաների զարգացումը, ապահովել թարմ շունչ, ազատել հիվանդին բարդույթներից և ընդհանուր առմամբ հասնել բերանի խոռոչի առողջության:
Խոսելով ատամնաքարերի առաջացման պատճառների մասին, Միրզոյանը մանրամասնեց.
«Մեզանից յուրաքանչյուրի բերանի խոռոչում 200 միլիարդ տարբեր բակտերիաներ և այլ միկրոօրգանիզմներ են կենտրոնացված։ Միևնույն ժամանակ, ոչ բոլոր մարդիկ են բավականաչափ ժամանակ և ջանք հատկացնում հիգիենային։ Հաճախ այն իրականացվում է ոչ շատ որակով և ոչ այնքան սիստեմատիկ, որքան պահանջվում է: Քչերն են օգտագործում ատամի խոզանակ, կամ նույնիսկ պարզապես ողողում բերանը սննդի մնացորդները հեռացնելու համար: Արդյունքում բակտերիաները ակտիվորեն բազմանում են, նստում փափուկ և կոշտ հյուսվածքների վրա, լնդերի գրպաններում և ատամնաշարի տարրերի միջև եղած բացերում։
Սկզբում նստվածքները մնում են փափուկ, դրանք դեռ կարելի է հեռացնել կանոնավոր հիգիենայի պահպանմամբ։ Եթե փափուկ նստվածքները ժամանակին չհեռացվեն, դրանք կկարծրանան և կվերածվեն խիտ քարի, իսկ դրանից ինքնուրույն ազատվելը գրեթե անհնար է»։
Ատամնաքարերի առկայության դեպքում արտաքին նշաններն են բերանի տհաճ հոտը, էմալի պիգմենտացիան (դրա մասնակի կամ ամբողջական մգացումը), որը վատթարացնում է բերանի խոռոչի տեսքը և մարդու մոտ առաջացնում մի շարք բարդույթներ, կարիեսի զարգացումը և այլն։
Ատամնաբույժը հավելեց նաև, որ ատամնաքարը կարող է առաջանալ նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր չեն անտեսում հիգիենան, պարբերաբար խոզանակում են ատամները և օգտագործում հատուկ թելեր: Դա պայմանավորված է նրանով, որ ատամների միջև գտնվող նեղ բացերը գրեթե անհնար է որակապես մաքրել:
Կան սննդամթերքի և խմիչքների որոշակի կատեգորիաներ, որոնք հրահրում են ատամնաքարի բավականին արագ և ինտենսիվ ձևավորում: Դրանց թվում են ինչպես սուրճն ու գինին, այնպես էլ քաղցրավենիքներն ու գազավորված ըմպելիքները։
Ատամնաքարերի հեռացման մեթոդների ցանկում այժմ լայն տարածում ունի և արդարացված է ուլտրաձայնային մեթոդը.
«Այս մեթոդը ոչ միայն արդյունավետ է, այլև ավելի քիչ տրավմատիկ, քան այլ մեթոդներ: Նման մաքրումն իրականացվում է հատուկ ծածկույթի միջոցով, որը շարժումների արագությամբ քայքայում է ատամների վրա առկա գոյացությունների կապերը։ Բացի այդ, օգտագործվում է ֆիլտրված ջուր, կամ հակասեպտիկ: Նրանք ապահովում են ատամների սառեցում, ջուրը թույլ է տալիս նաև հեռացնել քարի բոլոր մասնիկները միջատամնային տարածություններից և պարոդոնտալ գրպաններից:
Պրոցեդուրայից անմիջապես հետո դրանց մակերեսը կարող է կորցնել է իր հարթությունը, ուստի կատարվում է լրացուցիչ մշակում։ Այն ներառում է մածուկներով և խոզանակներով փայլեցում, որոնք վերացնում են կոպտությունը։ Այս լրացուցիչ բուժումը օգնում է կանխել ատամնաքարերի վերակազմավորումը»,- մանրամասնեց ատամնաբույժը։
Մեթոդների շարքում, առանձնացվում է նաև լազերայինը, որն առավել նուրբ ներգործություն է ունենում ատամների և լնդերի վրա։ Լազերը գործում է կետային՝ ազդելով միայն անցանկալի գոյացությունների վրա՝ չվնասելով ատամների և լնդերի մակերեսը, քանի որ հատուկ վարդակն ուղղակի չի շփվում դրանց հետ։ Մեթոդի առավելությունների թվում է նաև այն, որ ատամները լվանալուց հետո, ավելի լավ են կլանվում բոլոր սննդանյութերը, որոնք պարունակում է սնունդը։
Ատամնաքարերի հեռացման տեխնիկան ներառում է մի քանի փուլ.
Տեղական անզգայացնող միջոցի ներդրում (ոչ բոլոր դեպքերում. սովորաբար գերզգայունությամբ, կամ մեծ քանակությամբ նստվածքների պարագայում)
Ատամների փայլեցում
Էմալի մակերեսին պաշտպանիչ և ամրացնող լաքի կիրառում
Լնդերի բուժում հակաբորբոքային նյութով (անհրաժեշտության դեպքում)
Գործընթացից հետո երկարատև ազդեցություն պահպանելու համար ատամնաբույժ Ասքանազ Միրզոյանը խորհուրդ է տալիս՝
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ձեռնպահ մնալ սինթետիկ կամ բնական ներկանյութերով հարուստ ըմպելիքներից և սննդից (հյութեր, կարմիր գինի, թեյ, սուրճ, գազար, ճակնդեղ և այլն)
Օգտագործել միջին կոշտության ատամի խոզանակ, որն ապահովում է բարձրորակ հիգիենա և թույլ չի տալիս հյուսվածքների վնասվածք
Պարբերաբար (3 ամիսը մեկ անգամ) փոխարինել ատամի խոզանակը՝ անկախ դրա աղտոտվածության աստիճանից և վիճակից
Լվանալ ատամներն օրական առնվազն 2 անգամ, օգտագործել ատամի թել
Այցելել ատամնաբույժի տարեկան 2 անգամ՝ կրկնակի մաքրման համար
Միայն կանոնավոր և ամբողջական հիգիենան և ամենապարզ մեթոդների կիրառումը կօգնեն պահպանել բերանի խոռոչի իդեալական վիճակը և կանխել բարդ պաթոլոգիաների բուժումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։