02/05/2022 20:45
Երեխային գիշերանոթին ընտելացնելու պարզ կանոններ հոգեբան Նազելի Վարդանյանից
Երեխայի խնամքի հետ կապված հարցերից ծնողների համար, թերևս, ամենահետաքրքրականը փոքրիկին գիշերանոթին սովորեցնելու և դրանով պայմանավորված չոր ու հանգիստ գիշերներ անցկացնելու առաջնահերթությունն է։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Նազելի Վարդանյանի հետ։
«Առաջին բանը, որին ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, այն է, թե արդյո՞ք պատրաստ են երեխային գիշերանոթին սովորեցնել: Ի վերջո, նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան պատրաստակամության նշաններ է ցույց տալիս, ոչ բոլոր ծնողները գիտեն, թե ինչպես կարող են օգնել նրան սովորել նոր հմտություններ: Ամենակարևորն այն է, որ նախքան երեխային որևէ բանի ընտելացնելը, պետք է նրան որոշակիորեն նախապատրաստել, տալ ցուցումներ, որոնք կհեշտացնեն գործընթացը», - ասաց հոգեբանը:
Մասնագետն առաջարկեց մի քանի պարզ խորհուրդ, որոնց միջոցով երեխայի մոտ հարթ կընթանա նոր իրավիճակին ադապտացվելու գործընթացը։
Պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն հանվել և հագնվել գիշերանոթից օգտվելիս, երբ կա անհրաժեշտություն։
Ընտելացման առաջին փուլում կարևոր է գիշերանոթը մոտեցնել երեխային, այլ ոչ թե հակառակը. սա կօգնի հեշտությամբ հաղթահարել վախը և կստեղծի վստահության մթնոլորտ։
Գիշերանոթի ձևը պետք է լինի պարզ, կայուն և լայն, առանց կենդանիների պատկերների, կամ երեխայի ուշադրությունը շեղող այլ նշանների. խուսափեք բարդ ոճերից և ձևավորումներից։
Մանկական հագուստը ևս պետք է լինի առանց բարդ ամրացումների և ժապավենների, որպեսզի արհեստականորեն չերկարի գիշերանոթից օգտվելու պահն ու ավելորդ լարվածություն չհաղորդի երեխային։
Վարժեցումը սկսելուց առաջ երեխային մանրակրկիտ ներկայացրեք գիշերանոթը: Օտար առարկան կարող է վախի ձևավորման առաջնային և դժվար հաղթահարելի պատճառ դառնալ։
«Երբ ցերեկային քնից հետո երեխան չոր է արթնանում, իսկ տակդիրները մնում են չոր ևս երկու ժամ, ապա սա վկայում է այն մասին, որ երեխան կարողանում է կառավարել միզապարկը։ Որպես կանոն, երեք-չորս տարեկանում երեխաներն արդեն վերահսկում են միզելու գործընթացը և ինքնուրույն օգտագործում գիշերանոթը։ Մայրիկի գլխավոր խնդիրն այս պահին երեխայի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելն ու առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերելն է», - ասաց Նազելի Վարդանյանը։
Սկզբնական փուլից հետո կարելի է նկատել, որ երեխան առանց ձեր հուշման ցանկություն է հայտնում օգտվել գիշերանոթից. այս պարագայում կարևոր է, որ այն մշտապես հասանելի լինի երեխային:
Գովաբանեք նրան յուրաքանչյուր դրական քայլի համար և մի՛ բարկացեք ձախողումների դեպքում, քանի որ դա նույնպես փորձաշրջանի մի մասն է։ Հիշեք, որ մինչև երեք տարեկան երեխաները կարող են ձախողվել, հատկապես, երբ նրանք չափազանց հուզված են, կամ հոգնած։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։