02/05/2022 21:00
Մթերքներ, որ նպաստում են իմունային համակարգի ամրացմանը
Իմունային համակարգի «առաքելությունն» օրգանիզմը միկրոօրգանիզմների ազդեցությունից պաշտպանելն է։ Կարևոր է հոգ տանել իմունիտետի մասին, որպեսզի այն պատշաճ «ծառայի» օրգանիզմին։
Իմունային համակարգի վրա բացասաբար ազդում են ոչ առողջարար ապրելակերպը (ալկոհոլի հաճախակի օգտագործում, ծխելը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը), դեպրեսիան, նյարդայնությունը, վատ քունը և հոգնածությունը, շրջակա միջավայրը, ոչ ճիշտ սննդակարգը։
Բալանսավորված սննդակարգը (նուտրիենտների բավարար քանակի օգտագործումը) իմունային համակարգի գործընկերն է։ Սննդանյութերը բաժանվում են երկու խմբի՝ մակրոնուտրիենտներ (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) և միկրոնուտրիենտներ (վիտամիններ, միներալներ)։ Այս երկու խմբի բալանսավարումն էլ իմունային համակարգի անխափան գործունեության հիմնական պատասխանատուն է։ Պատահական չէ, որ թերսնված մարդիկ առավել հակված են վարակիչ հիվանդությունների։ Կան ապացույցներ, որ որոշ նուտրիենտների պակասը խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։ Օրինակ՝ ցինկի պակասը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների առաջացման։
Իմունային համակարգը մեծապես կախված է աղու լիմֆատիկ համակարգի աշխատանքից։ Իմունային բջիջների 80 տոկոսը տեղակայված է աղիների պատերում։ Այն ամենն ինչ մարդն ուտում է կամ ամրացնում է իմունիտետը կամ թուլացնում։
Բանջարեղենը, մրգերը պիտի կազմեն ճաշացանկի 50 տոկոսը։ Կաթնաթթվային մթերքները, որ պարունակում են բիֆիդո և լակտոբակտերիաներ, արդյունավետորեն պայքարում են մանրէների դեմ։
Ճաշացանկից պետք է բացառել շաքարը. այն ոչ միայն վնասում է ատամները, այլ նաև խաթարում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ինչն էլ կարող է հանգեցնել դիաբետի առաջացման։ Ռաֆինացված շաքարը ճնշում է իմունային համակարգը, նվազեցնում հակամարմինների աշխատանքը։
Կիտրոնը, իմբիրը, կանաչ թեյը, մրգերը, բողկը, ամբողջահատիկից պատրաստված շիլաները, մասուրը, ընդեղենը իմունային համակարգի ամրացմանը նպաստող մթերքներն են։
Ճիշտ սննդակարգ-ֆիզիկական բավարար ակտիվություն համադրությունը լավագույնս նպաստում է իմունային համակարգի գործունեությանը։
Հատապտուղները պարունակում են մարդու օրգանիզի համար անհրաժեշտ օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ և այլ անհրաժեշտ նյութեր: Հիմնական առաքելությունը օրգանիզմում օքսիդացման գործընթացը (ծերացման, իմունային համակարգի ճնշման պատճառներից է) նվազեցնելն է։
Կանաչ թեյի բաղադրությունում հաշվվում են օրգանական միացությունների 450 տեսակ, մոտավորապես 500 տարրեր և գրեթե բոլոր վիտամինները։ Միներալները նպաստում են իմունիտետի բարձրացմանը, ալկալոիդները թարմություն և էներգիա են հաղորդում, պոլի-ֆենոլները հաճախ օգտագործվում են ուռուցքային, սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի դեղամիջոցներում։
Նուշի օգտակարությունը մեծապես պայմանավորված է վիտամին Е-ի մեծաքանակ պարունակությամբ։ Այն հզոր հակաօքսիդանտ հատկություն ունի, դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
Բրոկոլին ևս առանձնանում է հակաօքսիդանտ հատկությունով։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ամինոթթուներ, որ օգնում են կանխել տարատեսակ հիվանդությունների զարգացումը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է ոսկորները՝ վիտամին K և կալցիումի պարունակության շնորհիվ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։