02/05/2022 11:52
Չնեղվեք և չհուսահատվեք, սա դեռ սկիզբն է, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Վանեցյանը կոչ է անում դուրս գալ պայքարի
Ողջ գիշերվա ընթացքում մեր պայքարի ընկերների հետ եղել ենք Ֆրանսիայի հրապարակում, վաղ առավոտից մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքներում իրականացվել են բողոքի ակցիաներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ցավոք, ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, ունենք 2-3 հոգի, որ ստացել են մարմնական վնասվածքներ։ Բերման են ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի, նրանցից մի մասի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ Բայց դա որևէ կերպ չի ազդում մեր տրամադրության վրա, սա պայքար է հանուն մեր հայրենիքի և ժողովրդի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց չվախենալ որևէ մեկից և դուրս գալ փողոց պայքարի։
«Եթե մենք պայքարենք, որևէ մեկը չի կարող կասեցնել այդ ընթացքը, չկա այդպիսի ուժ, որ դուրս կգա ժողովրդի դեմ։ Վեճի մի բռնվեք ոստիկանների հետ, դուք ձեր գործն արեք։ Սիրելի ուսանողներ, դուրս եկեք փողոց, սա ձեր պայքարն է։ Բոլորս միասին պետք է պայքարենք հանուն մեր հայրենիքի», - հայտարարեց Վանեցյանը՝ կոչ անելով չնեղվել և չհուսահատվել։
«Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ լավ է լինելու։ Մինչև 18:00-ը քաղաքացիական ահնազանդության ակցիաներ ենք անելու, իսկ 18։00-ին բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կտեղեկացնենք մեր հետագա գործողությունների մասին», - ասաց Արթուր Վանեցյանը։