02/05/2022 18:55
Գերասիմ Վարդանյանին որոշեցին մեկուսացնել քաղաքական ակտիվության պատճառով, պայքարը շարունակելու են հազարավոր այլ գերասիմվարդանյանները․ Գեղամ Մանուկյան
Գերասիմ Վարդանյանին որոշեցին մեկուսացնել՝ նրա քաղաքական ակտիվության պատճառով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկելու և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ նոյեմբերին հարուցված քրեական գործով ձերբակալվելու փաստին՝ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գերասիմ Վարդանյանի մեկուսացման որոշումը կայացնողի կերպարն ու կենսագրությունը, Գեղամ Մանուկյանի խոսքով, շատ հատկանշական է։
«Կուզեմ մի փաստ արձանագրել․ 2018 թվականին Փաշինյանի հանրահավաքներին հայտնվում է մի քննիչ, որը շարքային քննիչ է լինում Մաշտոցի քննչական բաժնում։ Երևի հոտառություն է ունենում, որ կարող է իշխանափոխություն լինի, հանրահավաքին հայտարարում է, որ հրաժարվում է իր պաշտոնից և պատռում է քննիչի գրքույկը։ Դա նման է նրան, որ սպան իր ուսադիրները պոկի։ Դրանից հետո այդ սպան ցանկացած իրավապահ համակարգում համարվում է մերժված։ Բայց, արի ու տես, որ իշխանափոխությունից անմիջապես հետո այդ քննիչը հայտնվում է ԱԱԾ-ում, քննչական վարչությունում՝ որպես հատուկ կարևոր գործերով քննիչ։ Իրավապահ ամբողջ համակարգն ազգանունը գիտի, բայց ուզում եմ նորից ասել՝ Նավոյան է ազգանունը։ Մարդ, որն իր քննիչի գրքույկը պատռել է, նշանակում է՝ կամուրջներ է այրել, իսկ դրանից հետո իր պաշտոնում որ հայտնվել է, նշանակում է՝ դառել է կամակատար»,- ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց նաև, որ Գերասիմ Վարդանյանին մեկուսացնելու որոշում կայացնելը հենց այդ կամակատարության մասին է վկայում, սակայն եթե նրան շարունակեն պահել կալանքի տակ, մեկնարկած ու թափ առնող պայքարը շարունակելու են հազարավոր այլ գերասիմվարդանյանները։