02/05/2022 19:08
ՄԻՊ-ը դեռ շանս ու հնարավորություն ունի ասելու, որ նման ինստիտուտ կա Հայաստանում․ այդ պահանջը ներկայացնում ենք և սպասում արձագանքի․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը միջազգային հանրությանը՝ Հայաստանում հավատարմագրված դեպանատներին, կոչ արեց համարժեք արձագանքել և օբյեկտիվ գնահատական տալ իրավապահ համակարգի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերին։
«Այս դեպքերին դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն և գնահատական տան։ Նրանք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ միջազգային մեր գործընկերները շատ հստակ գնահատական տան ստեղծված իրավիճակին»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանից հանրության ակնկալիքներին, որոնք առնչվում են նրա բուն պարտականությունների կատարմանը։
«Հայաստանում գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպան։ Երբ նա ընտրվում էր, խորհրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ նա, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների։ Այս օրերին դա ակնհայտ ապացուցվում է։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ շանս ու հնարավորություն ունի ասելու, որ նման ինստիտուտ կա Հայաստանում։ Այդ պահանջը մենք ներկայացնում ենք և սպասում ենք արձագանքի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։