02/05/2022 13:20
ԱԱՊ բարեփոխումները լինելու են համակարգային. նախարարը մասնակցել է «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովին
Հասանելի, արդիական, պացիենտի կարիքներին միտված, ծախսարդյունավետ և բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումն առողջապահության նախարարության վերջին տարիների գերակայություններից է, իսկ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի հզորացումը՝ դրա նախապայման:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱԱՊ օղակում նախատեսված համակարգային բարեփոխումներն են եղել նաև «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովի քննարկման առարկան:
Աշխատաժողովի ընթացքում կիրառվել է նաև ֆոկուս խմբային քննարկման ձևաչափը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ներկայացվել են՝
ԱԱՊ օղակի ներկայիս իրավիճակը,
առաջնային օղակը՝ որպես համապարփակ առողջապահական ծածկույթի ողնաշար,
առաջնային օղակի բարեփոխումները,
առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը։
Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ ԱԱՊ օղակի բարեփոխումը կհանգեցնի՝
հաջորդող ծառայությունների (օր.՝ շտապ օգնության, հիվանդանոցային, և այլն) օգտագործման առավելագույն արդյունավետության,
ֆինանսական խնայողության,
որակի բարձրացման։
Քաղաքացիների ֆինանսական բեռը նվազեցնող, բարձրորակ ու ծախսարդյունավետ ԱԱՊ գործունեություն ապահովելու համար կարևորվել է ճիշտ ծավալով և բաշխմամբ ֆինանսավորումը:
Նշվել է, որ ԱԱՊ բարեփոխումները լինելու են համակարգային` շենքային պայմաններից մինչև էլեկտրոնային մատյանների վարում և հերթագրումների կառավարում, պացիենտ-բժիշկ հետագծի վերահսկելիությունից մինչև մասնագետների վերապատրաստում:
Հանրության կարիքները բավարարող և շահերի բախումները նվազագույնի հասցնող ԱԱՊ համակարգ ստեղծելու համար հնչել են հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին ներգրավելու առաջարկներ: