02/05/2022 21:05
Ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է․ Արթուր Վանեցյան
«Ոստիկաններ, չեք հասկանու՞մ, որ բիրտ ուժից մենք չենք վախենալու․ ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, հայի համար է, այստեղ հայ ոգին է, հայի արժանապատվությունը», -Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվանից ընդդիմության ներկայացուցիչների և խաղաղ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնի գործողություններին։
Իրավապահների գործողությունները, ինչպես շեշտեց Արթուր Վանեցյանը, ի զորու չեն կասեցնելու պայքարը, որին ամեն օր նորանոր մարդիկ են միանում։
«Այսօր ուսանողները միացան մեր պայքարին, շատ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, պետական համակարգի ծառայողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բարձրաձայնել, ասել՝ մենք այստեղ ենք»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը պետական համակարգի աշխատակիցներին կոչ արեց ավելի համարձակ լինել՝ իրենց իրական կամքն արտահայտելիս։
«Մի՛ վախեցեք, վախն անցել է, վերջացել է։ Սրանք այլևս իշխանություն չունեն։ Ում էլ այս 1-2 օրվա մեջ կարողանան աշխատանքից ազատել, հավատացեք, բոլորը վերականգնվելու են, և մեղավորները պատժվելու են։ Որևէ մեկը չի կարողանալու հայ ազգի միասնական ուժի դեմ գործել»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հայտնեց նաև՝ վաղն առավոտվանից բողոքի գործողությունները շարունակվելու են։