03/05/2022 16:35
Team Telecom Armenia-ն վերաբրենդավորվել է՝ ներկայանալով նոր ու գերժամանակակից ծառայություններով (Տեսանյութ)
Մայիսի 3-ին Team Telecom Armenia-ի Հյուսիսային պողոտայի գրասենյակում տեղի ունեցավ վերաբրենդավորման ավարտն ազդարարող միջոցառումը։
«Շուրջ մեկ ու կես տարի առաջ մենք ձեռք բերեցինք Beeline ընկերությունը, որի ընթացքում մեծ գործ իրականացվեց և ընկերությունը վերանվանվեց Team Telecom Armenia-ի։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ ընկերությունն այսուհետև ամբողջովին հայկական է։ Ընկերությունը տելեկոմ շուկայում մեծ քայլեր կիրականացնի և շատ շուտով բաժանորդներն իրենք կզգան կատարած աշխատանքի արդյունքը», - ասաց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նրա խոսքով, ընկերության շարժիչ ուժն ու ոգին թիմն է, թիմային աշխատանքը. բրենդի անվան հիմքում հենց այս գաղափարն է ընկած։
«Ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների շարքը ամենամեծն է ՀՀ-ում. պահպանելով նախորդ ծառայությունները, նոր ու էլ ավելի որակյալ ծառայություններ ենք սկսելու տրամադրել։ 25 գիգաբիթանոց ցանցն աշխատում է արդեն Հայաստանի մի քանի քաղաքներում՝ Հրազդանում, Դիլիջանում, Երևանում։ Արաբկիր և Դավիթաշեն համայնքների մոտավորապես 55 000 բաժանորդ հնարավորություն ունի օգտվելու այդ ցանցից։ Մարզերում ևս բրենդն ամբողջությամբ փոփոխված է, 78 մասնաճյուղեր գործում են միանման», - մանրամասնեց Եսայանը։
Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրենը հավելեց նաև, որ B2B սեգմենտում դեռևս կան բավականին անելիքներ, և ընկերությունը նպատակ ունի 2-3 տարվա ընթացքում առաջատար լինել նաև այդ ոլորտում։
Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն և վերաբրենդավորման նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանը ներկայացրեց ընկերության վերաբրենդավորման մանրամասներ.
«Գույների ընտրության վրա երկար ենք աշխատել, օգտագործվել են ժամանակակից բոլոր թրենդերը, ուսումնասիրվել է տելեկոմ և IT ոլորտը։ Ընտրել ենք գույներ, որոնք մեզ տարբերվող կդարձնեն. կապույտը իր հանգստությամբ, կարմիրը ակտիվությամբ և մեղմ երկնագույնը, որոնք միասին ստեղծել են այն ներդաշնակությունը, որը կարող եք տեսնել մեր սպասարկման կենտրոններում։ Ի տարբերություն նախորդ կոնցեպտի, բոլոր սարքավորումները ցուցադրված են բաց՝ հաճախորդի կյանքը հեշտացնելու, հարմարավետ դարձնելու և ազատություն տալու համար, քանի որ մեր բրենդը ազատության մասին է», - ասաց Էլինա Գրբաշյանը։
Հաճախորդները սպասարկման կետերից կարող են ձեռք բերել հեռախոսներ, ականջակալներ, բաժանորդագրվել և օգտվել բջջային և ֆիքսված հեռախոսակապից։
Գործում է նաև կազմակերպության կողմից առաջարկվող վճարային ծառայությունների հարթակ։