03/05/2022 17:00
Օդերևութաբանական կախվածություն․ ովքե՞ր են ռիսկի խմբում և ի՞նչ անել, երբ անձրևին տանջում են գլխացավն ու հոդացավը
Տարբեր տվյալների համաձայն, եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն է մոլորակի բնակիչների 75 տոկոսը։ Չնայած Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգչում առանձին ախտորոշում չկա, սակայն եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված՝ ինքնազգացողության վատացումը կամ առողջական խնդիրների առաջացումը շատ երկար ժամանակ է, ինչ հետաքրքրում է հետազոտողներին, բժիշկներին և հենց մետեոպաթներին՝ եղանակից կախվածություն ունեցողներին։
Մետեոզենսունակություն կամ մետեոպաթիա․ մարդու օրգանիզմի վրա օդերևութաբանական գործոնների ազդեցությունն այսպես են անվանում։ Մեր օրգանիզմը երբեմն չի ադապտացվում եղանակի փոփոխություններին, ինքնազգացողության վրա ազդում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ջերմաստիճանի փոփոխությունը, մթնոլորտային ճնշումը, գեոմագնիսական դաշտը («արևային փոթորիկներ»), օդի խոնավությունն ու տեղումները՝ անձրև, ձյուն, կարկուտ, մառախուղ, օդում թթվածնի մակարդակը, քամու արագությունը, լուսնի փուլերը։
Բժիշկ-կլիմայագետները եղանակային փոփոխությունների ազդեցությամբ պայմանավորված՝ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարման մի քանի հիմնական տեսակ են առանձնացնում։
Սիրտ-անոթային, շնչառական համակարգերի հետ կապված խնդիրներ՝ ճնշման տատանումներ, արագ սրտխփոց կամ սրտի դանդաղ աշխատանք՝ տախիկարդիա և բրադիկարդիա, ցավ սրտի շրջանում, շնչահեղձություն, հաճախացած շնչառություն։
Եղանակային պայմաններն ազդում են նաև արյան անոթների և ուղեղի աշխատանքի վրա, դա արտահայտվում է գլխացավերով, գլխապտույտով, ականջներում աղմուկով, տեսողության խանգարումներով, ընդհանուր թուլությամբ։
Անոթների և գլխուղեղի աշխատանքի հետ կապված խնդիրներն ամենից հաճախ առաջանում են ջերմաստիճանի և օդում թթվածնի պարունակության փոփոխությունների պատճառով։ Օրինակ, ցուրտ եղանակին, երբ թթվածնի մակարդակը բարձր է, անոթները կծկվում են, ինչի հետևանքով բարձրանում է ճնշումը, գլխացավեր ու սրտի շրջանում ցավեր են լինում։ Իսկ շոգ եղանակին, երբ թթվածնի պարունակությունը ցածր է, արյան անոթների տոնուսը, ինչի հետևանքով նաև՝ արյան ճնշումը իջնում է, գլխապտույտ է առաջանում, մարդն իրեն թույլ է զգում։
Հենաշարժողական համակարգը ևս զգայուն է եղանակային փոփոխությունների նկատմամբ․ հոդացավ, ոսկրերի, մկանների ցավ կարող է առաջանալ, նյարդային վերջույթների բորբոքում, նախկինում ստացած տրավմաների՝ կոտրվածքների, ինչպես նաև սպիների շրջանում ցավեր։ Ամենատարածվածը հոդացավն է։
Վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ՝ դյուրագրգռություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապատիա, տագնապ, անհարկի անհանգստություն, անքնություն կամ քնկոտություն, ընդհանուր թուլություն, ուշադրության պակաս, ճնշման տատանումներ։ Եղանակային պայմանների նկատմամբ այսպիսի զգայնությունը երբեմն անվանում են նաև մետեոնևրոզ։ Այն նևրոտիկ խանգարումների դեռևս լիովին չուսումնասիրված, ուստի և՝ պաշտոնապես չամրագրված ենթատեսակ է, երբ մարդու հոգեվիճակը, տրամադրությունը մեծապես կախված է օդերևութաբանական պայմաններից։
Ովքե՞ր են ամենից հաճախ կախվածության մեջ գտնվում եղանակային փոփոխություններից․ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, նախկինում կոտրվածքներ և այլ տիպի տրավմաներ ստացածները, վիրահատության ենթարկվածները, ինչպես նաև մարդիկ, որոնք տառապում են սրտանոթային, էնդոկրին հիվանդություններով, նյարդային խանգարումներով, հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներով։
Ինչպե՞ս թեթևացնել կյանքը և նվազեցնել եղանակային պայմանների ազդեցությունն առողջության ու ինքնազգացողության վրա։ Ժամանակակից կյանքն իր առավելություններն ունի․ մարդիկ հնարավորություն ունեն տեղեկանալ օդերևութաբանական կանխատեսումների մասին, ծանոթանալ միանգամից մի քանի օրվա կամ մեկ շաբաթվա եղանակի տեսությանը ու նախապես պատրաստվել ոչ բարենպաստ պայմաններին։ Օրինակ՝ եղանակային այս կամ այն դրսևորումից մեկ-երկու օր առաջ նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ծանրաբեռնվածությունն ու մտավոր գործունեությունը, քչացնել «ինֆորմացիոն աղմուկը»՝ ավելի քիչ դիտել հեռուստացույց, ավելի քիչ օգտվել գաջետներից, ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։
Շատ կարևոր է նաև քնի ռեժիմի կարգավորումն ու ճիշտ սննդակարգին հետևելը։ Եղանակային ոչ բարենպաստ պայմաններից առաջ և դրանց ընթացքում հարկավոր է գիշերային քունը 1-2 ժամով երկարացնել։ Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա պետք է բացառել ճարպոտ, ծանր կերակուրները, սուր համեմունքները։ Արյան ցածր ճնշում ունեցողները շոգ եղանակին պետք է ավելի շատ հեղուկ օգտագործեն, իսկ արյան բարձր ճնշում ունեցողները ցուրտ եղանակին պետք է քչացնեն հեղուկների և աղի գործածումը։
Անոթների աշխատանքը կարգավորելու համար խորհուրդ է տրվում կոնտրաստային ցնցուղ ընդունել՝ տաք, ապա սառը ջրով, առավոտյան թեթև մարզանք անել, պարբերաբար զբոսնել մաքուր օդին, հաճախ օդափոխել տունը, աշխատասենյակը։
Մետեոպաթները՝ եղանակային պայմաններից կախվածություն ունեցողները, գոնե ժամանակավորապես պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից․ ոչ բարենպաստ օրերին բացառեն էներգետիկ ըմպելիքներն ու ալկոհոլային խմիչքները, ավելի քիչ ծխեն։
Ինչպես հայտնի է, գարնանն ու աշնանը քրոնիկ հիվանդությունները սրվում են, ուստի այս կամ այն քրոնիկ հիվանդությամբ տառապողները, հատկապես արտանոթային ու հենաշարժողական համակարգերի հետ կապված խնդիրներ ունեցողները նախապես պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ՝ հետևելով նրա ցուցումներին։
Ոչ բարենպաստ եղանակին պետք է հետևել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, օրինակ՝ հաճախակի չափել արյան ճնշումն ու ստուգել սրտի աշխատանքը և ճիշտ ժամանակին կանխել գլուխ բարձրացնող խնդիրը։
Իսկ այն պարագայում, երբ անհանգստացնող երևույթները պարբերական բնույթ են ստանում, ինքնազգացողությունը վատանում է՝ անկախ եղանակային պայմաններից ու տեղումներից, առողջությունը վերականգնել՝ առանց մանրակրկիտ հետազոտության և մասնագիտական օգնության, հնարավոր չէ։ Բժշկին ճիշտ ժամանակին դիմելը, հիվանդությունը վաղ փուլում կանխորոշելը արագացնում է և ավելի արդյունավետ է դարձնում դրա բուժումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։