03/05/2022 16:30
Ի՞նչ գներ են առաջարկում տուրիստական գործակալությունները Հայաստանում հանգիստը կազակերպելու համար. Մաս 2
Ամառային հանգիստը հայաստանյան հանգստյան տներում և հյուրանոցներում կազմակերպելը վերջին տարիներին բավական թանկ հաճույք է դարձել, և բազմաթիվ քաղաքացիներ, համեմատելով առաջարկվող փաթեթների գները, գերադասում են արձակուրդն անցկացնել արտերկրում՝ շատ ավելի հարմար գներով։
Թե ինչ միտումներ կան ներգնա տուրիզմի մասով այս տարի, և արդյոք հայաստանցիները հետաքրքրված են ամառային հանգիստը երկրի ներսում կազմակերպելու հնարավորությամբ, Aysor.am-ի թղթակիցը փորձեց ճշտել ներգնա տուրիզմի մենեջեր Լուսինե Ազիզյանից։
Ըստ մեր զրուցակցի՝ այս պահին երկարաժամկետ տուրերի վերաբերյալ հարցումներ չկան, փոխարենը շատ են շաբաթ-կիրակի օրերին այս կամ այն հանգստյան տուն մեկնելու ամրագրումները։
«Գիշերակացով ևս ուզում են գնալ. այդպիսի տարբերակներ ունենք Գորիսում, Արցախում։ Արցախում, օրինակ, հյուրատանը մնալու մեկ օրվա արժեքը մեկ անձի համար սկսում է 6 հազար դրամից՝ առանց սննդի։ Եթե ցանկանում են նաև նախաճախ, արժեքին 2 հազար դրամ է ավելանում։ Իսկ եթե դիտարկում ենք հյուրանոցի տարբերակը, մեկ անձի մեկ օրվա արժեքը կազմում է 10-12 հազար դրամ։ Գները գրեթե նույնն են նաև Գորիսի համար»,- ասաց Լուսինե Ազիզյանը։
Ինչ վերաբերում է Ջերմուկին, որտեղ ավանդաբար հանգստի գներն ամենաբարձրն են, տուր-մենեջերը նշեց՝ միջին աշխատավարձ ստացողների համար այդ հատվածում հանգիստ կազմակերպելը գրեթե անիրատեսական է։
«Գնագոյացումն այստեղ ինձ համար անհասկանալի է։ Եթե սոցփաթեթը չլիներ, շատ մարդիկ պարզապես չէին կարողանա Ջերմուկում հանգստանալ։ SPA ծառայությունները, բուժական պրոցեդուրաները և 3-անգամյա սնունդը ներառյալ՝ մեկ գիշերվա համար երկու անձի հանգիստը սկսվում է մոտ 55 հազար դրամից։ Ստանդարտ սենյակների գինը կարող է սկսել 40 հազար դրամից՝ նույն ծառայությունները ներառյալ։
Դիլիջանում, Ջերմուկի համեմատ, հանգիստը համեմատաբար մատչելի է։ Հյուրատներում մեկ օրվա արժեքը տատանվում է 6-10 հազար դրամի սահմաններում՝ ներառյալ նախաճաշ»,- ասաց տուր-մենեջերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։