03/05/2022 18:14
Հակակոռուպցիոն կոմիտեն անուղղակիորեն հաստատեց, որ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ․ Ղազինյան
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու միջնորդությունը չմերժվեց, այլ հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար:
«Հիշեցնեմ, այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը մինչ օրս չի հարցաքննվել: Ոչինչ, շուտով կհարցաքննվի, քիչ մնաց», - նշել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: